Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ժողովրդի հետ չի կարելի խոսել սպառնալիքներով. Փաշինյանը պատասխանեց Սեֆիլյանին

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ոչ մի գործի մասին ու ոչ մի պարագայում որևէ դատավորի հրահանգ չի տա։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործընթացը սկսվել է ու կշարունակվի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների` Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակի մասին հարցին։

«Չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ, և հույս ունեմ, որ բոլորս հականում ենք՝ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ քաղաքական իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որ մենք կարողանանք սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ»,-ասաց Փաշինյանը:

Սեֆիլյանն իր նամակում նշել էր, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, դա հղի է վտանգավոր հետևանքներով։ «Սասնա ծռերն» էլ նամակ էին գրել վարչապետին և նշել, թե նա ձեռքերը լվացել է իրենց գործից։

ՀՀ վարչապետն այս հայտարարությանն ի պատասխան ասաց, որ չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ։

«Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, որովհետև որևէ նպատակով դատավորներին հրահանգ տալու գործընթաց սկսելը նշանակում է սկսել սերժսարգսյանացման գործընթաց։ Ես այդպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի, որովհետև հակառակ դեպքում եթե մենք դատարանին մեկ անգամ հրահանգ տանք, դատարանը այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի»:

Նրա խոսքով` որպեսզի դատավորներին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չստանան, որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի, դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված իրավասությունների և օրենքների շրջանակում: