Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Զենքի 80%–ը Հայաստանն անձամբ պետք է արտադրի իր ԶՈՒ–ի համար. Վարդանյան

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն առաջարկում է վարչապետին կից հատուկ մարմին ստեղծել, որը կզբաղվի ռազմական մշակումներով։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանը մի քանի տարի հետո պետք է հասնի նրան, որ երկրի ԶՈՒ-ում կիրառվող զենքի 80%-ն արտադրվի իր տարածքում, կազմակերպության ամենամյա 18-րդ նիստում լրագրողներին ասաց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (UITE) Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով` ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ՏՏ ոլորտի կարևորագույն հարցերից է։

«Արդեն այսօր է պետք սկսենք աշխատել այն ուղղությամբ, որ մի քանի տարի հետո հայկական բանակի օգտագործած զենքի առնվազն 80%-ը տեղական արտադրության լինի, որպեսզի համոզված լինենք, որ կարող ենք դիմակայել և հաղթել ցանկացած ուղղությամբ, այլ ոչ միայն Ադրբեջանի», — ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` պետք է շարժիչ ուժ լինի, որը կզբաղվի երկրի արդիականացմամբ։ Վարդանյանն առաջարկում է համապատասխան մարմին ստեղծել, որում ընդգրկվեն ոչ միայն տեխնոլոգիական բիզնեսը, այլև կրթության, ռազմարդյունաբերության, բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտի համար պատասխանատու անձինք։

«Այդ մարմինը պետք է գործի վարչապետի ղեկավարության տակ», — ասաց Վարդանյանը։

Նրա կարծիքով` դա թույլ կտա ավելի լավ իրացնել հայ ժողովրդի ներուժը։ Ըստ Վարդանյանի` հայերը կարող են «յուրացնել» Եվրոպայի և ԱՄՆ-ի աշխատատեղերը. ՏՏ ոլորտի առանձնահատկությունը հաշվի առնելով` դա կարելի է կազմակերպել հեռահար ձևով։

«ԱՄՆ-ում և Եվրոպայում մոտ 3 մլն աշխատատեղ կա, որոնք չեն փակվում», — նշեց Վարդանյանն` ընդգծելով, որ Հայաստանը կարող է իր բաժինը «պոկել» այդ աշխատատեղերից և «բերել» երկիր։

Նիստի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է ՏՏ ոլորտի զարգացմանը։