Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Հպարտ եմ, որ ձեր աչքերում տեսնում եմ հայ լինելու հպարտությունը. Փաշինյանը` հայ համայնքին

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով Վրաստան մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հպարտության խոսքեր ուղղեց եղբայրական պետությունում ապրող հայրենակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպում ունեցավ նաև հայ համայնքի հետ ու շնորհակալություն հայտնեց ընդունելության և ջերմության համար։

«Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում, նաև ձերն է, և դուք լիարժեք կրողն եք այդ հաղթանակի, որովհետև դա տեղի է ունեցել ձե՛ր հայրենիքում, այդ հաղթանակի ընթացքում մենք զգացել ենք ձեր զորակցությունը, ձեր ասած յուրաքանչյուր բարի ցանկությունը հասել է Երևանի Հանրապետության հրապարակ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում իրականացվեց սիրո և համերաշխության հեղափոխությունը։

«Այստեղ եմ եկել նույն ուղերձով։ Բոլորիդ սիրում եմ միասին և յուրաքանչյուրիդ առանձին»,- ասաց նա։

Հավաքվածները բուռն արձագանքեցին Փաշինյանի այս հայտարարությանը։

«Հպարտանում եմ ձեր կամքով ձեզանով, հպարտանում եմ` ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը։ Եվ հպարտանում եմ Հայաստանի և Վարաստանի հարաբերություններով` համոզված լինելով, որ մեր հարաբերություններն ավելի են խորանալու, վստահ եմ, որ հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները` Հայաստանում»,- ասաց նա։

Նրա խոսքով` սահմանները ոչ թե բաժանելու, այլ միացնելու են երկու ժողովուրդներին, որովհետև ամենաբարձր արժեքը, որ ունեն հայերն ու վրացիները, պետությունն է և ինքնիշխանությունը։

«Այսօր շատերը մաղթում են, որ հիասթափություններ չլինեն։ Չի լինելու, որովհետև մենք ծառայել, ծառայում և ծառայելու ենք հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու»,- շեշտեց վարչապետը։

Նա իր ելույթն ավարտեց «կեցցեների» շարքով։

«Կեցցե ազատությունը, կեցցե Վրաստանի Հանրապետությունը, կեցցե հայ-վրացական եղբայրությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները։ Մենք շարունակելու ենք ապրել, դառնալու ենք 5, 10 միլիոն և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- եզրափակեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի այցը մեկնարկել է մայիսի 30-ին։ Նա արդեն հասցրել է հանդիպել Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, ինչպես նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ։

Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ջանելիձեն։

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը Վրաստան։