ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան և հայտնաբերել մաքսային հսկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա:
Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքն ու բեռնատար ավտոմեքենան կապարակնքնվել են և ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար: