Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Եթե անհրաժեշտ լինի, ես էլ կհարցաքննվեմ, Ռոբերտ Քոչարյանն էլ. Նիկոլ Փաշինյան

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ քննիչները կհարցաքննեն բոլոր նրանց, ում հարցաքննելն անհրաժեշտություն կլինի։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին լուրերին:

«Եթե անհրաժեշտ լինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի»,,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ իր տեսակետը նախկինում արդեն հայտնել է:

Փաշինյանը չհերքեց նաև լրագրողների բարձրացրած հարցը, թե հնարավո՞ր է նախաքննական մարմինը հասնի մինչև Սերժ Սարգսյան։

«Ես չեմ կարող ասել, թե ուր կհասնեն և ուր չեն հասնի, որտեղ օբյեկտիվորեն կհասնեն, այնտեղ էլ կհասնեն: Ես կարող եմ ասել, որ այդ գործողությունների առաջ ոչ մի խոչընդոտ չի առաջադրվելու»,- ասաց Փաշինյանը և, հիշեցնելով նախկինում տրված խոստումը, ավելացրեց,- մենք գլխից արդեն բռնել ենք։

Նշենք, որ օրեր առաջ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով։

Այս տարվա մարտի 1-ին, 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների 10-ամյակի առիթով, ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` գործին փաստահավաք խմբի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» զեկույցը կցելու և քրեական գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու առաջարկով: Փաշինյանը դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր նաև այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը:

Այսօր` հունիսի 7–ին, Քոչարյանի հետ կապված մեկ այլ աղմկահարույց հոդված է տպագրվել «Ժամանակ» օրաթերթում։ Թերթ գրել է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և հայտնել, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:
«Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ»,- նշված է հոդվածում: Ըստ թերթի` Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:

Քոչարյանի գրասենյակն արդեն արձագանքել է այս հրապարակմանը` նշելով, որ սա բացարձակ հերյուրանք է։