ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում: Իր կողմից Արմեն Սարգսյանն ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Դեսպան Կոպիրկինը Հանրապետության նախագահին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները: Դեսպան Կոպիրկինը վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով նոր ուղղություններ: