Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Ռուսական վարկը էլեկտրաէներգիայի սակագինը շատ չի փոխի. մասնագետ

Ստանալ կարճ հղումը

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար տրամադրված վարկը սակագնի վրա կազդի, բայց ոչ շատ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլարի ռուսական վարկը էլեկտրաէներգիայի սակագնի վրա կազդի, բայց դրա ազդեցությունը կարելի է նաև մեղմել։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

«Հիմա ատոմակայանում մոդեռնիզացման աշխատանք է իրականացվում, և եթե մենք այսօր 92 տոկոս հզորության տակ ենք աշխատում, ապա կարելի է հզորությունը մինչև իր նոմինալ արժեք բարձրացնել` դա 440 մեգավատն է: Այսինքն, այստեղ մենք մոտավորապես 40-50 մեգավատ ավելի արտադրանք ենք տալու, որը մինչև հիմա չի եղել: Եթե հաշվենք օրվա կտրվածքով արտադրված էլեկտրաէներգիայի ծավալով, ապա մեծ քանակություն է, մեծ գումարներ կբերի, ինչը կարող է ինչ-որ ձևով մեղմել սակագնի հնարավոր բարձրացումը»,- ասաց նա։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, հակառակը, կարծում է, որ ռուսական վարկը սակագնի բարձրացման չի հանգեցնի։ Նրա խոսքով, կառավարությունում հնարավոր ռիսկերը հաշվարկվել են: Նա այսօր լրագրողներին հետ զրույցում հիշեցրեց, որ սակագների հարցով միակ իրավասու և մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է:

«Մենք աշխատանքները սկսել ենք, որոնք արդյունք կտան, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինքը կայացնի նման որոշում: Իհարկե, մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք հանձնաժողովին»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործարկման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշեց, որ ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է ավարտին հասցնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործարկման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Նրա խոսքով` նմանատիպ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման փորձեր կան Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում` բոլորը 30 տարով: Բայց սա չի նշանակում, թե Հայաստանն էլ պետք է առաջնորդվի այդ ժամկետով։

«Որոշ ստուգումներ կատարելուց և անվտանգության հիմնավորումները ստանալուց հետո միայն կարելի է ասել, թե որքան կարելի է երկարաձգել»,- ասաց նա:

ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 000 000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` վարկի մարման գումարը հաշվարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: