Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Քոչարյանը պետք է կալանավորվի. ցուցարարները հավաքվել են գլխավոր դատախազության շենքի դիմաց

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դեմ բողոքողները հասել են ՀՀ գլխավոր դատախազություն։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Մի քանի տասնյակ ցուցարարներ հավաքվել են Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Ակտիվիստների մի մասն այստեղ է տեղափոխվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալելուց հետո։

Երեկ Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում է կայացրել։ Նախատեսված էր, որ Քոչարյանն այսօր ասուլիս պետք է անցկացնի «Էրեբունի պլազա» հյուրանոցում։

Սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել ու բարձրանալ 9-րդ հարկ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ Քոչարյանն այդպես էլ չեկավ նախատեսված ասուլիսին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դեմ բողոքողները շարունակում են պնդել, որ նա կալանավորվի։ Նրանք բղավում են. «Քոչարյանը մարդասպան է»։ Հավաքվածների շարքում են նաև 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների բարեկամներն ու մտերիմները։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

Ըստ թեմայի

Օրբելյան. «Ռոբերտ Քոչարյանը կարող է լքել, կարող է չլքել երկիրը»
«Պատերազմ Քոչարյանի համար» և սեպարատ խաղաղություն. ինչպես ՀՀ նախկին նախագահն ազատ արձակվեց
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց