Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին

Ստանալ կարճ հղումը

Վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես հիացել են Նիկոլայ Նիկողոսյանի արվեստով։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել արվեստագետի ընտանիքին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր վշտով տեղեկացա խորհրդային և հայկական քանդակագործության ականավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է հայկական և ռուսական մշակույթների ականավոր ներկայացուցիչը, ով ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել իր ժողովրդին և հայրենիքին: Հայաստանում մշտապես հիացել են Նիկոլայ Նիկողոսյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,- նշել է վարչապետը:

Նա ցավակցությունն է հայտնել ականավոր վարպետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին:

Նշենք, որ քանդակագործ, գեղանկարիչ ու գրաֆիկ, մանկավարժ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել է Մոսկվայում։