Հայաստան
© Sputnik / Arpi Beglaryan

Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Ստանալ կարճ հղումը

Շիրակում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման և տնակների ապամոնտաժման ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելով կեղծիքներ կատարելու համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի տարբեր տարիներին պաշտոններ զբաղեցրած 4 անձանց:

Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով պարզվել է, որ 1988թ. երկրաշարժից հետո, որպես անօթևան քաղաքացիներ հաշվառված բնակիչներին բնակարանների բաշխման ժամանակ թույլ են տրվել չարաշահումներ: Մասնավորապես՝ մեկ փլված բնակարանի դիմաց տարբեր ընտանիքների տրամադրվել են մի քանի բնակարաններ: Բացի այդ, իրականում բնակարաններ տրամադրված քաղաքացիների ժամանակավոր կացարանները՝ տնակները, բնակարանների տրամադրումից հետո չեն ապամոնտաժվել, սակայն պաշտոնատար անձանց կողմից 2011 և 2013 թվականներին կազմվել են տարածքների ազատման վերաբերյալ կեղծ ակտեր, համաձայն որոնց այդ տնակներն, իբր ապամոնտաժված են:

Տվյալներ են ստացվել նաև, որ մի քանի շենքերի՝ տարբեր հասցեների փլուզված մի քանի բնակարաններում հաշվառված են եղել թվով 5-6-ական քաղաքացիներ, ինչի արդյունքում 1990-92թթ. նույն այդ հասցեների բնակարանների դիմաց Գյումրի քաղաքում ստացել են տարբեր բնակարաններ:

Պարզվել է նաև, որ համապատասխան տարածքներում առկա են եղել այն տնակները, որոնք, ըստ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմված՝ տարածքների ազատման և տնակների ապամոնտաժման վերաբերյալ կեղծ ակտերի, պետք է ապամոնտաժված լինեին:

Մեղադրանք է առաջադրվել է 2009 թվականից Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Հարությունյանին, 2012թ. հոկտեմբերից մինչև 2016թ.-ը Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արտյոմ Դավթյանին:

Մեղադրանք է առաջադրվել նաև 2010թ. մինչև 2013թ. Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետի պաշտոնը զբաղեցրած Լեռնիկ Հովհաննիսյանին, 2002թ. մինչև 2017թ. Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի գույքի հաշվառման և կառավարման բաժնի մասնագետ Արամ Իսահակյանին, որն այժմ աշխատում է Շիրակի մարզպետարանում:

Հիշեցնենք, որ ենթադրյալ չարաշահումների մասին  հաղորդում էր տվել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը, ում  ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ըստ թեմայի

Ե՞րբ կլուծվի աղետի գոտում ապրողների բնակարանային խնդիրը. պաշտոնյան ժամկետ նշեց
Անօթևանների տնակների փոխարեն տասը բնակարան. ՀԱԵ թեմերի նվեր ծրագիրը ավարտական փուլում է