Հայաստան
© Sputnik / Armenuhi Mkhoyan

«Ճիշտը ժամանակին ծառայության մեկնելն է». Գյումրուց նորակոչիկների 1–ին խումբը մեկնեց բանակ

Ստանալ կարճ հղումը

Զորակոչի գործընթացը վերահսկում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ ԳՇ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Այսօր` դեկտեմբերի 16–ին, մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գյումրուց նույնպես այսօր ճանապարհեցին նորակոչիկների առաջին խմբին։ Գյումրու զինկոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ այսօրվա խմբից միայն մեկ երիտասարդ չի մեկնի հավաքակայան։ Նա առողջական խնդիրներ ունի։

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու զինկոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյան

Զինկոմը նշեց, որ մարզում կան նորակոչիկներ, ովքեր ցանկություն են հայտնել ծառայության մեկնել «Պատիվ ունեմ» ծրագրով:

Գեղեցիկ դիմագծեր և 180-190 սմ հասակ. ՊՆ–ն զորակոչիկների ընտրություն է իրականացնելու

Գյումրեցի նորակոչիկներին, ավանդույթի համաձայն, Հայոց բանակ ճանապարհեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի, զորակոչ

«Թոռնիկիս՝ Ղազարյան Հարությունին եմ ճանապարհում, խաղաղ ու անփորձանք ծառայություն բոլոր տղաներին եմ մաղթում, ոչինչ, որ Նոր տարին մեզ հետ չի լինի, կարևորն անփորձանք իրենց պարտքը կատարեն ու վերադառնան»,– Sputnik Արմենիային ասաց տիկին Արեգնազանը` զսպելով հուզմունքը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի, ձմեռային զորակոչ

Նոր տարին տնեցիներից հեռու անցկացնելու հեռանկարից փորձում են չտխրել նաև ծառայության մեկնող տղաները։

«Շուտ կգնանք, շուտ կգանք: Հոգ չէ, Նոր տարին հարազատներիս հետ կնշեմ 2 տարի անց»,–նշեց Գառնիկը։ Նա կարծում է, որ ճիշտը ժամանակին ծառայության մեկնելն է: 

Ընդգծված բարձր տրամադրություն ուներ Արտյոմ Խաչատրյանը։ Նա նշեց, որ Արցախում 1994 թվականին հերոսաբար զոհված հորեղբոր անուն է կրում, և հպարտությամբ է գնում սահմանը։ Արտյոմը խոստովանեց, որ շատ է կարոտելու հատկապես կրտսեր եղբորը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արտյոմ Խաչատրյանը` կրտսեր եղբոր հետ

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Ըստ թեմայի

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին
ՊՆ-ն ամփոփել է ամառային զորակոչի տվյալները. 196 քաղաքացու տարկետում է տրվել
Առողջապահության նախարարությունը դեմ է ՊՆ–ի առաջարկած զորակոչային բժշկական հանձնաժողովին