Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

ՀՀ ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել իր նախորդին վերաբերող նյութերի հիման վրա

Ստանալ կարճ հղումը

Քննությունն ավարտվել է և, համաձայն ոստիկանության հրապարակած արդյունքների, հաստատվել է, որ Արման Սարգսյանի հրամաններով անվանական զենքերով են պարգևատրվել ոստիկանության ոչ թե 51, այլ 7 ծառայողներ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի՝ հուլիսի 7-ի հրամանով ծառայողական քննություն է անցկացվել ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի վերաբերյալ մամուլում առկա որոշ տեղեկությունների վերաբերյալ: Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության` քննության արդյունքում հաստատվել է, որ Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության 7 ծառայողներ պարգևատրվել են անվանական զենքերով:

«Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կայքերից մեկը գրել էր, որ պարգևատրվել են ոստիկանության 51 ծառայողներ, որոնց թվում՝ անձինք, որոնք ըստ կոչումների ենթակա չեն նման պարգևատրման: Նույն հրապարակման համաձայն` ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանն ու ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանն ու Հ. Մհրյանը 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության ծառայողներին հավելավճարներ վճարելու համար, բայց այդ գումարը ևս նպատակին չի ծառայել:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ այս տեղեկությունը ևս իրականությանը չի համապատասխանում:

«ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, ու ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Քննության ընթացքում վճարումների բոլոր հասցեատերերը հայտնաբերվել են:

Իսկ ապատեղեկատվություն հրապարակած կայքի տնօրենն ասել է, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկություններն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել, նշված տեղեկությունն էլ հրապարակել է կայքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ակնկալիքով:

Ինչո՞ւ են 1․8 մլն դրամով պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները․ պարզաբանում

Հիշեցնենք՝ Արման Սարգսյանը Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնից ազատվեց ՀՀ վարչապետի՝ հունիսի 8-ի հրամանով: Նույն օրը նրան այդ պաշտոնում փոխարինեց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

«Կորոնավիրուսն էլ կանցնի...». պարգևատրումներ նախագահականում. լուսանկարներ

Ըստ թեմայի

Քննչական կոմիտեի 32 աշխատակից դիմակ չկրելու համար զրկվել են մեկ ամսվա պարգևավճարից
«Narek Sargsyan» օգտատերը հայհոյել է ուղիղ եթերում. քրգործն ուղարկվել է դատարան
«Շտապօգնության» բոլոր աշխատակիցները դրամական պարգևներ են ստացել «Տաշիր» ընկերությունից