Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

Մեկ շաբաթից պետք է զորացրվեր․ մանրամասներ Տավուշում զոհված Գրիշա Մաթևոսյանի մասին

Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Գրիշան սպորտով էր զբաղվում, ֆուտբոլիստ էր, սովորում էր ԵՊՏՀ–ի մարքեթինգի բաժնում։ Պետք է զորացրվեր հուլիսի 22-ին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կրտսեր սերժանտ, ժամկետային զինծառայող Գրիշա Մաթևոսյանը, որը զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի սկսած հրաձգության ընթացքում, ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր։ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ երիտասարդը պետք է զորացրվեր մոտ մեկ շաբաթ հետո։

«8 օրից պետք է զորացրվեր։ Սարսափելի ողբերգություն է, խոսք չկա։ Այնքան հետաքրքրություններ ուներ կյանքում, ֆուտբոլիստ էր, շատ ընկերներ ուներ․․․ Չհասցրեց լրացնել իր կենսագրությունը․․․»,-ասաց Սիմոնյանը։

Գրիշա Մաթևոսյան

Գրիշան 20 տարեկան էր։ Նրա հայրը՝ Վահանը, անհատ ձեռներեց է, մայրը՝ Արմինեն, տեղի դպրոցներից մեկում անգլերենի ուսուցչուհի։ Գրիշան 18-ամյա եղբայր ունի, որը շուտով կզորակոչվի բանակ։ Գրիշային անվանակոչել են պապի պատվին, որը նույնպես նրանց հետ է ապրում։

«2017թ․-ին նա ընդունվեց ԵՊՏՀ-ի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ։ Իսկ 2018թ․-ի ամռանը զորակոչվեց բանակ»,-պատմեց Սիսիանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Սիսիանի ավագ դպրոցի (որն ավարտել է Գրիշան) ֆեյսբուքյան էջում նրա մասին սրտառուչ գրառում են արել։

«Գրիշան մեր բոլորի հուշերում կմնա որպես կենսուրախ, խելացի և պայծառ երիտասարդ։ Դեռ ինչքան երազանքներ ուներ, որ անկատար մնացին...

Նա ընկավ հանուն հայրենիքի և բռնեց հավերժության ճանապարհը։

Տավուշում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են արիության, նվիրումի համար

Ննջիր խաղաղությամբ, սիրելի Գրիշա, քո անունը հավերժ կմնա մեր սրտերում»,-նշված է գրառման մեջ։

Կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանը և Սմբատ Գաբրիելյանը զոհվել են հակառակորդի կրակից հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզում։ Նույն օրը, ավելի վաղ, Ադրբեջանի կողմից սկսված հրաձգության պատճառով զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը։

Sputnik Արմենիայի խմբագրությունը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մտերիմներին։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։

Երեկ` հուլիսի 14-ին, հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել էին զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

Եվս երկու զոհ ունենք. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

Ըստ թեմայի

Հայկական բանակում երկու զոհ կա. ՊՆ
«Ուշքն ու միտքը ծառայությունն էր»․ մանրամասներ զոհված զինծառայողների մասին
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
Վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքները հատուցում կստանան