Հայաստան
© Sputnik / Andranik Ghazaryan

Նույնականացման քարտից հրաժարավող քաղաքացիները պետական տուրք կվճարեն․ «Ժողովուրդ»

Ստանալ կարճ հղումը

Թերթի տեղեկություններով՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք: Նման տեղեկություն է հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթը:

Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան:

«Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է»,- գրում է թերթը:

Հոդվածագիրը նկատում է, որ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար: 

Հավելենք, որ նույնականացման քարտ ձեռք բերելու համար պետական վճարը կազմում է 3000 դրամ: