Հայաստան
© Sputnik / Andranik Ghazaryan

Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները միասին կպաշտպանեն արցախահայության կենսական շահերը

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

Նախարարները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Հայաստանի և Արցախի համագործակցության կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Մայիլյանը շնորհավորել է իր գործընկերոջը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն՝ նշելով, որ այդ պատասխանատու առաքելությունը ստանձնում է Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր և պատասխանատու ժամանակաշրջանում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար՝ Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցության կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են արցախահայության կենսական շահերի անշեղ պաշտպանության կարևորությունը, այդ թվում՝ իր պատմական բնօրրանում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 18-ին` Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո։

Ըստ թեմայի

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին
Արցախի ճանաչումը պետք է վաղուց արվեր, բայց հիմա էլ պետք չէ շտապել