Հայաստան
Facebook / screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

«Եթե հրաժարական տաք, մեզ կդավաճանեք». Փաշինյանն արդեն Սառնակունք գյուղում է

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Մի կողմից` Սյունիքում բազմաթիվ մարդիկ են հավաքվել` պահանջելով, որ Փաշինյանը մուտք չգործի մարզ և հրաժարական տա, մյուս կողմից` Սառնակունքում որոշ մարդկանց հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները հանդես եկան ի պաշտպանություն վարչապետի։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանից բաժանող սահմանը Սյունիքի ճանապարհի պռնկով է անցնում, այնպես է ստացվել, որ մենք Խորհրդային Հայաստանի վարչական սահմանի երկայնքով ենք աշխատում, հիմա մեր սահմանապահներն են տեղակայվում այնտեղ, իսկ ճանապարհին ռուս խաղաղապահներն են պարեկելու` ապահովելով անվտանգությունը։ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում հավաքվածների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ամենն արվում է անվտանգության համար, որպեսզի նոր կոնֆլիկտ չլինի։ Մինչ այդ առանձին միջադեպեր կլինեն, և ամեն առանձին դեպքից պետք է խուճապի չմատնվենք»,–ասաց Փաշինյանը։

Հանդիպմանը ներկա տղամարդկանցից մեկը, դիմելով Փաշինյանին, ասաց, որ եթե նա հրաժարական տա, ապա իրենց դավաճանած կլինի։ Ի պատասխան Փաշինյանը հարցրեց` էլ ո՞վ է այդպես մտածում, հավաքվածները վստահեցրին` բոլորը։

Վարչապետի խոսքով` այժմ հետցնցումային իրավիճակների մեջ ենք, սակայն պետք է ամեն ինչ անենք գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու համար։ Ըստ Փաշինյանի` մեզ վճռականություն է պետք` Արցախն ու Հայաստանը նորովի կառուցելու համար։

Հիշեցնենք` վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Այս պահին լարված իրավիճակ է Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին. քաղաքացիները փակել են ճանապարհը։ Փաշինյանը, սակայն, ուղղաթիռով է հասել Սյունիք։

Ի դեպ, Սառնակունքը չի դասվում այն 13 գյուղերի շարքը, որի դիրքերն Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը. դրանք են` Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը։

Ըստ թեմայի

Սյունիքում լարված իրավիճակ է․ մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում. տեսանյութ
Սյունիքի հետ սահմանակից հողերն օգտագործվել են Արցախի հետ համաձայնագրերի հիման վրա. մարզպետ
Բախում է տեղի ունեցել Սյունիքի մի խումբ բնակիչների ու ոստիկանների միջև