Հայաստան
© Photo : press office of the MFA of RF

Այվազյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը

Ստանալ կարճ հղումը

Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերի պահպանումն ու համատեղ կառուցողական աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ անվտանգության, հումանիտար  խնդիրները, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համադրումը և համատեղ կառուցողական աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իսկ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Ըստ թեմայի

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենը մեկնել է Մոսկվա՝ Արցախի վերաբերյալ եռակողմ հանդիպմանը մասնակցելու