Հեղինակներ
© CC0 / Pixabay / Glass Diamonds

Մետաղի մոգական ուժը. ինչպես լիբանանյան բիզնեսը վերածվեց համաշխարհային մակարդակի հայկական արվեստի

Ստանալ կարճ հղումը

Արաբական շեյխերը, ամեն տեսակի արիստոկրատները, այժմեական սակավաթիվ թագավորներն ու պարզապես ոսկերչական բարձր արվեստի սիրահարները գիտեն, որ Bogh-Art ոսկերչական ապրանքանիշի խանութ-սրահներում միշտ կարելի է որևէ բացառիկ և անկրկնելի զարդ գտնել:

Անկրկնելի գեղեցկության քարեր, ոսկե բարակ ժանյակ, եզակի զարդեր, քարերի հետ աշխատելու հայկական բնածին տաղանդ. այս ամենը հիմք դարձան Պողոսյաններին վիճակված հաջողության համար:

Այսօր Ալբերտ Պողոսյանը ոսկերիչների արվեստի ավանդույթների ժառանգորդն է, ոսկերիչներ, որոնք, կարելի է ասել, տոհմ են ձևավորել: Vogue-ը նրան անվանում է վիրտուոզ, իսկ Հոնկոնգի մասնագետները (Հոնկոնգն այսօր ոսկերչական իրերի ցուցասրահների և ցուցահանդես-վաճառքների թվով համաշխարհային առաջատարների շարքում է) ասում են, որ Bogh-Art-ի ցանկացած իր ստեղծված է յուրաքանչյուր քարի անկրկնելի գեղեցկությունն առանձին փոխանցելու գաղափարի հիման վրա:

Միևնույն ժամանակ Ալբերտ Պողոսյանը, որ երրորդ սերնդի ոսկերիչ է, հայտնի է ոչ միայն որպես Bogh-Art տան հիմնադիր, այլև որպես եզակի կոլեկցիոներ. թանկարժեք հնաոճ իրերի և ինտերիերի նրա հավաքածուն իրավամբ համարվում է աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկը (եթե ոչ ամենահարուստը):

«Մենք ամենասկզբից մեզ համար որոշել էինք, որ անհրաժեշտ է որևէ նոր յուրահատուկ բան ներկայացնել, այնպիսի մի բան, որը հասարակ ոսկերչական դիզայնի սահմաններից վեր կլիներ: Մենք չէինք ուզում պարզապես հերթական ապրանքանիշ լինել», — ասում է Ալբերտ Պողոսյանը:

Այն շեմը, որ ոսկերչական գործում տարանջատում է բիզնեսն ու արվեստը, ընդհանրապես դժվար է որոշել, Իսկ Պողոսյանների պարագայում այդ շեմը նույնիսկ փնտրելու կարիք չկա. սա միանշանակ արվեստ է, և այն հիանալի պահանջարկ ունի` անկախ արժեքից, որը հաճախ վախենում ես արտահայտել թվերով:

Պողոսյանների ամբողջ ընտանիքը, պապից սկսած, հիմնականում թանկարժեք քարերի վաճառքով էր զբաղվում: Սկզբում գործը գլուխ էր գալիս Լիբանանում, այնուհետև պատվերներ սկսեցին տալ հարևան արաբական երկրներից և Ֆրանսիայից: Հաջողված բիզնես էր, ժամանակն էր նեղ մասնագիտական գործով զբաղվել. սկսեցին վաճառել հազվագյուտ և խոշոր քարեր, քանի որ նորաձևության միտումները նրանց վրա չեն ազդում, դրանք միշտ էլ արժեքավոր են, իսկ մեկ լավ պատվերի արժեքը կարող է ամիսների աշխատանքի գին ունենալ:

Այնուհետև, հավանաբար, խոսեց ստեղծագործ ինքնասիրությունը. Պողոսյանները սկսեցին սեփական ձեռքերով պատրաստած զարդեր վաճառել, և դրանք արագ ճանաչելի դարձան, դարձան «ֆիրմային»: Սակայն Լիբանանում 1970-ականներին քաղաքացիական պատերազմի հետ մեկտեղ հաջորդեցին նաև անհաջողությունները, և ստիպված եղան ընտանեկան բիզնեսը Եվրոպա տանել:

Առաջին կանգառը Անտվերպենն էր, այնուհետև գրասենյակ բացվեց Ժնևում: Ոսկերչական գործերը հիմնականում ցուցադրվում էին Բազելում, բայց հետո Պողոսյանն այնտեղի սրահները չափից դուրս առևտրայնացված համարեց և ընտրություն կատարեց Լոնդոնի օգտին, իսկ 2008 թվականին հայտնվեց Bogh-Art-ը:

Պողոսյանների գլուխգործոցների ոճի և տեխնիկայի բազմազանության մեջ առանձնահատուկ տեղ ունի փորագրման հնագույն տեխնիկան, կոչվում է Inlay, որը ասում են` առաջացել է Հին Եգիպտոսում և առաջնահերթ տեղ է ունի Հին Հնդկաստանի ոսկերիչների շրջանում: Առաջնորդվում են մի քարը մյուսի մեջ դնելու տեխնիկայով, որի ընթացքում շարժումները պետք է մաթեմատիկական ճշգրտություն ունենան` քարը չփչացնելու համար։ Թանկարժեք փոքր քարը տեղադրվում է ավելի մեծի մեջ, և տպավորություն է ստեղծվում, որ մի քարը մյուսի միջից է դուրս գալիս։

Այսօր շատ քիչ թվով ոսկերիչներ են կարողանում նման զարդեր ստեղծել` առանց լազերային հաստոցների և համակարգչի կիրառման։ Ձեռագործ աշխատանքին գումարվում է նուրբ գեղարվեստական ճաշակն ու վիրտուոզ կատարումը։ Ընդ որում` աշխատանքների մեծ մասի վրա ամրացումների տեղերը չեն էլ երևում, իսկ մետաղի օգտագործումը նվազագույն է հասցված։

«Եթե ինձ հարցնեն, թե որն է իմ ամենասիրած քարը, չեմ կարող պատասխանել, քանի որ բոլորն էլ իմ կյանքի մի մասն են կազմում: Շունչս կտրվում է ոչ միայն եզակի սուտակից կամ վարդագույն ադամանդներից, այլև կիսաթանկարժեք քարերից», — պատմում է Ալբերտ Պողոսյանը:

Պողոսյանի հավաքածուն նրանց համար է, ովքեր հասկանում են արվեստի գինը: Օրինակ` «Ֆաբերժե» տան արձանիկների սերիան, որոնք շատ էր սիրում Կարտիեն և անդադար գնում Կառլ Ֆաբերժեի մոտից, իսկ հետո շատ թանկ գնով վաճառում Ֆրանսիայում: Պողոսյանը սիրում է «Ֆաբերժեի» փոքրիկ ցլաշներին:

Հավաքածուի մարգարիտներից են ողջագուրվող վենետիկյան մավրերը` ոսկեզօծ չալմաներով, մանր մարգարիտներով, սուտակով և սպիտակ ադամանդներով զարդարված: Տիպիկ վենետիկյան զարդեր, որ այսօր կարելի է գտնել նաև հնաոճ իրեր վաճառող խանութներում կամ Codognato հին ոսկերչական սրահում:

Սակայն Պողոսյանի հեղինակային աշխատանքների ոճը ոչ մի կապ չունի հավաքածուի մոտիվների հետ, հնարավոր չէ որևէ նմանություն գտնել:

«Ես չեմ կարող որևէ բան կրկնօրինակել: Սիրում եմ ամեն ինչ զրոյից ստեղծել: Թանգարանային իմ հավաքածուն չի առնչվում ժամանակակից իրերի հետ. ես հավաքում եմ այդ իրերը ոչ թե դրանք կրկնօրինակելու, այլ հմայվելու համար», — պարզաբանում է վարպետը: