Մշակույթ
© Sputnik / Asatur Yesayants

Արգենտինական ֆիլմերը կգերեն հայ հանդիսատեսին

Ստանալ կարճ հղումը

Երևանում արգենտինական կինոյի փառատոն կանցկացվի։ Սեպտեմբերի 19-23-ը նախատեսված ցուցադրությունները հագեցած ու հետաքրքիր կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արգենտինական կինոյի փառատոնը հայ հանդիսատեսին կզարմացնի հետաքրքիր ցուցադրություններով։

«Ներկայացված ֆիլմերում խոսվում է սոցիալական խնդիրների մասին, շոշափվում է հասարակության մեջ կանանց ունեցած դերի ու կանանց առաքելության թեման»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան։

Նրա խոսքով` ֆիլմերի ընտրությունը պատահական չէ, քանի որ Արգենտինայում ընտանիքի, կանանց սոցիալիզացիայի և համասեռամոլության հետ կապված բազում խնդիրներ կան։

© Sputnik / Асатур Есаянц

«Մենք ուզում էինք հայերին ավելի մոտիկից ծանոթացնել իսկական Արգենտինային` դրական և բացասական կողմերով»,- նշեց Ուռիոլաբեիտիան։

Դեսպանի կարծիքով` Հայաստանում և Արգենտինայում կան արդիական խնդիրներ, որոնց տարբերությունը միայն այն է, որ յուրաքանչյուր երկիր խնդիրը լուծելու իր ուղին ունի։

«Մենք շատ ընդհանրություններ ունենք, ընդհանուր արժեքներ, որոնց թվում է նաև ընտանիքը։ Ֆիլմերի մեծ մասը նկարահանվել է Բուենոս Այրեսում։ Սա մի մեծ քաղաք է, հետևաբար խնդիրներն էլ մի քիչ այլ են»,- ասաց դեսպանը։

Նա խոստովանեց, որ իր առաքելությունն է համարում հայ-արգենտինական հարաբերութունների խորացումը, սեփական երկիրը Հայաստանում պատշաճ ներկայացնելը։ Վերջին շրջանում երկկողմ համագործակցությունն առաջընթաց է ապրում։

Այս տարվա մայիսին Արգենտինայի դեսպանության աջակցությամբ Հայաստանում արգենտինական պարերի երեկո էր անցկացվել։