Մշակույթ
© Sputnik / Мария Авакян

Վերդիի գլուխգործոց «Աիդան». 75 տարի հայկական բեմում

Ստանալ կարճ հղումը

Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է 1941 թվականին:

Մարիա Ավագյան, Sputnik.

Այս տարի լրանում է հայկական բեմում «Աիդայի» բեմադրման 75-ամյակը: Աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում ընդգրկված օպերայի առաջնախաղը կայացել է 1871 թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում: Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնում բեմադրվել է 1941 թ.-ին:

Օպերան հատուկ գրվել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ Եգիպտոսի կառավարության պատվերով։ Իտալերեն լիբրետտոն Անտոնիո Գիսլանցոնիի ըստ Օգյուստ Մարիետի սցենարի։ Օպերայի գործողությունները տեղի են ունենում Հին Եգիպտոսում փարավոնների տիրապետության ժամանակ։ Օպերայում պատմվում է եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին։

Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնում երկարատև բացակայությունից հետո «Աիդան» ներկայացվեց 2010 թվականի դեկտեմբերին: Ներկայացմանն ավելի քան 300 կատարող է ներգրավված:

Այս տարի օպերայի հոբելյանի կապակցությամբ ներկայացումից առաջ թատրոնն անակնկալ էր պատրաստել հանդիսատեսի համար և այն կոչել էր ««Աիդա» օպերայի հետքերով»:

© Sputnik / Мария Авакян
Կոնստանտին Սիմոնյան
Мария Авакян
«Աիդան» 75 տարի է՝ հայկական բեմում է
© Sputnik / Мария Авакян
Օպերային հայտնի երգիչ Կոնստանտին Սիմոնյանը

Բոլոր նրանք, ովքեր ներկայացման տոմս էին գնել կամ գրանցվել էին նախապես, կարող էին Հայաստանի վաստակավոր արտիստ, օպերային հայտնի երգիչ Կոնստանտին Սիմոնյանի հետ ճանապարհորդել օպերայի պատմության հետքերով:

Էքսկուրսիայի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ուներ ծանոթանալու օպերայի ստեղծման պատմությանը, տեսնելու տարբեր ներկայացումների բեմական զգեստները, լուսանկարվելու և ներկա լինելու հետնաբեմի աշխատանքներին: