ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ադապտացումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` ընդհանուր ստեղծագործական ծրագրերի միջոցով հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների միավորումը:
Փառատոնը կանցկացվի 6 անվանակարգում՝ «Երաժշտարվեստ», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Լուսանկարչական արվեստ», «Թատերարվեստ», «Գեղարվեստական խոսք», «Գրական ստեղծագործություն», «Պարարվեստ»: Փառատոնին կմասնակցեն 41 ուսումնական հաստատության ու կազմակերպության շուրջ 500 երեխա:
Փառատոնային ծրագիրը ներառում է համերգներ, պարային, թատերական ներկայացումներ, ցուցահանդես, կլոր սեղան, որոնք կանցկացվեն մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում և համերգասրահներում, Վանաձոր, Գավառ, Գյումրի, Դիլիջան քաղաքների մշակութային հաստատություններում:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (հասցե` Իսահակյան 1): Փառատոնը կավարտվի նոյեմբերի 24-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվող համերգով: