Մշակույթ
© Sputnik / Aram Nersesyan

Փորձագետ. Աստված երես է տվել հայերին

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն` «Հայկական հանգույց. հայկական գորգագործության մշակույթը» հանրապետական գիտաժողովին մասնակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Աստված երես է տվել հայերին, քանի որ նրանք մշակութային և պատմական հսկայական ժառանգություն ունեն, Sputnik Արմենիային ասաց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտության հարցերով փոխտնօրեն Եվգենյա Քալանթարյանը։

Նրա խոսքով` հայերը չեն կարողանում պահպանել, զարգացնել և հայրենիքի սահմաններից դուրս ճիշտ ներկայացնել իրենց ունեցածը։

«Սա ազգ է, որն ունի գեղանկարչություն, գորգագործություն, երաժշտություն, գրականություն։ Հավանաբար մեզ համար դա սովորական երևույթ է և դրան հատուկ նշանակություն չենք տալիս։ Բերեմ մի օրինակ` մանկատան երեխաները երազում են ծնողներ ունենալ, իսկ ապահով ընտանիքների երեխաների համար մայրը և հայրը «սովորական երևույթ են»։ Հայերի դեպքում նույնն է»,- ասաց Քալանթարյանը։

Նրա կարծիքով` հայերը լուրջ չեն վերաբերվում այս հարցին։

«Հարևան երկրներում տարեցտարի յուրացնում են մեր արվեստի գործերը` գորգերը, խաչքարերը և ոչ միայն։ Խնդիրը մեր անվտանգությունն է։ Մենք այդ ամենը տեսնում ենք, բայց ոչինչ չենք անում։ ԱՄՆ-ում վերջերս լույս է տեսել «Մահմեդական գորգեր» անվանումով հսկայածավալ ամսագիր։ Գրքում ներկայացվել են գորգեր, որոնց 98 տոկոսը հայկական է` հայոց գրերով»,- նշեց Քալանթարյանը։

Նրա խոսքով` հայ մասնագետները և գիտնականները կարող էին հերքում գրել, բայց չեն գրել։

© Sputnik / Aram Nersesyan
«Հայկական հանգույց. հայկական գորգագործության մշակույթը» հանրապետական գիտաժողով
© Sputnik / Aram Nersesyan
Գորգագործություն
© Sputnik / Aram Nersesyan
Գորգագործություն
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Ամիրյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan
Հայկական գորգեր
© Sputnik / Aram Nersesyan
Հայկական գորգեր
© Sputnik / Aram Nersesyan
Գորգագործություն
© Sputnik / Aram Nersesyan
Գորգագործություն

«Մեր գիտաժողովն էլ նվիրված է նրան, որ թեկուզ փոքր ձեռքբերում արձանագրենք այս ոլորտում։ Կարծում եմ, որ այստեղ կարելի է ներգրավել երիտասարդությանը, արվեստագետներին։ Նրանք պետք է երիտասարդ լինեն, եռանդով և էնտուզիազմով լի, որովհետև գորգերով զբաղվող պրոֆեսիոնալներն այսօր շատ քիչ են Հայաստանում։ Ես ուրախ եմ, որ զեկույցների հեղինակների շարքում կան երիտասարդներ, որոնք հնարավոր է` լրջորեն վերաբերվեն դրան։ Հուսով եմ, որ դա կնպաստի հայկական մշակույթի տարածմանը»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Քալանթարյանը նշեց, որ հայերը պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն իրենց ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։

«Մեր ավանդույթներում շատ գեղեցիկ, դրական բան կա, և պետք է մատուցել հենց դա։ Երբ սովորում էի Սանկտ Պետերբուրգում, հասկացա, որ մարդիկ Հայաստանի մասին միայն երկու բան գիտեն` Հայոց ցեղասպանություն և 1988թ-ի երկրաշարժ։ Չնայած այդ ամենին` մենք շատ կենսուրախ և տաղանդավոր ազգ ենք։ Պետք է կարողանանք դրսևորվել»,- ասաց նա։

Քալանթարյանը հույս ունի, որ Հայաստանի մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը ջանք չի խնայի հայկական մշակույթի զարգացման գործում։

Ваш браузер не поддерживает данный формат видео

© Sputnik / Արամ Ներսեսյան, Անի Լիպարիտյան
Հայաստանի մշակույթի նախարարը մասնակցել է հանրապետական գիտաժողովի Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում