Մշակույթ
© CC0 / Pexels / Microphone

«Մարտի են գնում» հայ երգիչները. լավագույնները «Ծիծեռնակի» կարժանան

Ստանալ կարճ հղումը

Փետրվարի 1-ից ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած՝ «Ծիծեռնակ» Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հայտերը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու և խրախուսելու, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում նշանակալի նվաճումները հանրության լայն շերտերին ներկայացնելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թ. մարտի 25-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները, որոնք նախագահում են` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (դասական ժանրում), ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը (ժողովրդական ժանրում) և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը (մասսայական (POP) ժանրում): Մրցանակաբաշխության հաղթողները կարժանանան «Ծիծեռնակ» մրցանակին, որը հեղինակել է Արման Դավթյանը (Նուռ):

Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում.

  • Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ
  • Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող
  • Դասական ժանրում լավագույն ալբոմ
  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ
  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող
  • Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ

Մասսայական (POP) ժանրում.

  • Լավագույն երգիչ (ուհի)
  • Լավագույն ռոք խումբ
  • Լավագույն ջազ խումբ կամ կատարող
  • Լավագույն ալբոմ
  • Տարվա հիթ
  • Լավագույն համերգային ծրագիր (բոլոր ժանրերում)
  • Լավագույն տեսահոլովակ (բոլոր ժանրերում)

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2016 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ:

Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. փետրվարի 1-ից 28-ը, ժամը 10:00-ից մինչև 17:00` բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: