Մշակույթ
© Sputnik / Asatur Yesayants

Հախնազարյանների ընտանեկան դուետը կօգնի Հայաստանի երեխաներին

Ստանալ կարճ հղումը

Մայիսի 5-ին Երևանում կկայանա Նարեկ և Գայանե Հախնազարյաններ ընտանեկան դուետի համերգը: Համերգից ստացված միջոցները կուղղվեն հիվանդ երեխաներին, որոնք բուժում են անցնում «Կոշ» մանկական վերականգնողական կենտրոնում:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Կոշ» մանկական վերականգնողական կենտրոնին օգնելու որոշումը Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիրներ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ընդունեց կենտրոն այցելելուց հետո:

«Երաժիշտը կոչված է ոչ միայն ուրախացնել հանդիսատեսին, այլև օգտակար լինել հասարակությանը: Ես այցելեցի «Կոշ» և ապշած էի այն հոգատարությունից, որով շրջապատված են վերականգնողական կենրոնի երեխաները», — ասաց Հախնազարյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տված ասուլիսում:

Դրանից հետո էլ ծնվեց համերգ տալու գաղափարը: Համերգից ստացված հասույթն ուղղվելու է կենտրոնի աջակցմանը և գուցե փրկի մի քանի կյանք:

2013 թվականին մեկենասների և բարեգործական կազմակերպությունների միջոցներով հիմնված «Կոշ» կենտրոնում վերականգնողական կուրս և անվճար բուժում են ստանում Հայաստանի երկու քաղաքների և 18 գյուղերի երեխաներ:

Համերգի շրջանակում, որը տեղի կունենա մայիսի 5-ին Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիկ համերգասրահում, Նարեկը մոր հետ կկատարի Բեթհովենի, Շումանի, Շոպենի և մի շարք այլ հայտնի ստեղծագործների գործեր: Կկայանա նաև կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի «Մենախոսության» համաշխարհային պրեմիերան:

«Ինձ համար Հայաստանը վայր չէ, որտեղ կարելի է գումար վաստակել: Ես ձգտում եմ օգնել հայրենակիցներիս», — ասաց Հախնազարյանը:

Նարեկի հաջորդ համերգը Հայաստանում, հավանաբար, կկայանա հուլիսին: Սակայն մինչ այդ նրան սպասում է շրջագայություն ասիական երկրներով:

Русская версия