Մշակույթ
© Sputnik / Ani Liparityan

Դասական երաժշտությունը նոր «մանկական» ձևաչափով կհնչի Երևանում

Ստանալ կարճ հղումը

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանում «7» առեղծվածային անվանումով համերգ կանցկացվի, որին կմասնակցի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Երեխաների համար նախատեսված հսկայական ինտերակտիվ շոուն կանցկացվի հունիսի 1-ին Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում ։ «7» անվանումը կրող համերգը կազմակերպվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի և հայտնի հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ։

Բարսեղյանի խոսքով` համերգի անվանումը պայմանավորված է նրանով, որ Աստված երկիրը ստեղծել է 7 օրվա ընթացքում, գոյություն ունի ծիածանի 7 գույն, «յոթ մեղք» հասկացություն ու յոթ նոտա։

«Ցանկալի կլիներ, որ համերգի ընթացքում մենք կարողանայինք երեխաներին հասցնել մի քանի կարևոր բան` պահպանել էթիկետի կանոնները սեղանի շուրջ, անջատել բջջային հեռախոսները հասարակական միջոցառումների ժամանակ։ Ի սկզբանե ձևաչափն այլ պետք է լիներ` ենթադրվում էր դասական երաժշտության սովորական համերգ կազմակերպել, սակայն հետագայում մենք որոշեցինք կապ հաստատել մաեստրո Սմբատյանի հետ և օգտվել նրա «հեքիաթային» հնարավորություններից, քանի դեռ նա չի մեկնել Տորոնտո», — ասաց Բարսեղյանն` ավելացնելով, որ կազմակերպիչները որոշել են համերգը նվիրել փոքրիկ հանդիսատեսին մեծ տոնի` Երեխաների պաշտպանության օրվա մոտենալու կապակցությամբ։

© Sputnik / Ani Liparityan
Ավետ Բարսեղյանն ու Սերգեյ Սմբատյանը

Բարսեղյանը նշեց, որ համերգի ինտերակտիվ ձևաչափը ենթադրում է նաև ակտիվ շփում երեխաների հետ. նրանց հարցեր են տալու` ներգրավելով բանավեճի մեջ, և ոչ միայն։

«Սա փորձնական նախագիծ է։ Մենք ուզում ենք յուրօրինակ միքս առաջարկել, համատեղել շոուն և դասական երաժշտության համերգը և տեսնել, թե դրանից ինչ դուրս կգա։ Եթե հետագայում միջոցառումն ավանդական դառնա, մենք կկարողանանք մանկատների սաների և տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների ներգրավել»,- ասաց նա։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ միջոցառման հետ կապված բոլոր գաղտնիքները չեն բացահայտելու։ Նա հորդորեց բոլորին ներկա լինել համերգին և ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։

© Sputnik / Ani Liparityan
№12 մանկապարտեզի սաները

«Մենք փորձում ենք այնպիսի ձևաչափ ստեղծել, որը կհետաքրքրի երեխաներին։ Պետք է իմանալ, թե ինչպես ներկայացնել դասական երաժշտությունը, որպեսզի այն արժեքազրկված չերևա… Ընդհանուր առմամբ մենք կփորձենք այնպես անել, որ համերգը հետաքրքրի ոչ միայն երեխաներին, այլև մեզ», — ասաց Սմբատյանը։

Նա ավելացրեց, որ «մանկական» ձևաչափով դասական երաժշտությունը նոր և արտասովոր երևույթ է։

Մամուլի ասուլիսի ավարտին №12 մանկապարտեզի սաները երգեցին հյուրերի համար։ «7» համերգը կանցկացվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

© Sputnik / Ani Liparityan
№12 մանկապարտեզի սաները երգեցին հյուրերի համար։

Русская версия