Մշակույթ
Facebook / Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն

Հեռահար ներկայացում՝ «լեփ–լեցուն դահլիճով». Գյումրու տիկնիկային թատրոնն օգնեց «մնալ տանը»

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի հնագույն տիկնիկային թատրոններից մեկը՝ Գյումրու տիկնիկային թատրոնը, տիկնիկային թատրոնի միջազգային օրը՝ մարտի 21-ը, նշանավորեց հեռահար ներկայացմամբ:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, միանալով «Մնա տանը» նախաձեռնությանը, առաջին անգամ իր մանուկ հանդիսատեսին ներկայացավ հեռահար ներկայացմամբ:

«Եթե հաշվի առնենք դիտումների քանակն ու տարածումը, կարող ենք ասել, որ «լեփ–լեցուն դահլիճ» էր: Սա շատ ուրախալի ու պարտավորեցնող է և լավ եղանակ` պարապուրդն արվեստով լցնելու»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը։

Նա նշեց, որ Գյումրու տիկնիկային թատրոնը, ամեն տարի տիկնիկային թատրոնի միջազգային օրը՝ մարտի 21-ը, նշում է ամենատարբեր ուշագրավ ձեռնարկներով և բեմադրություններով։ Հաշվի առնելով հանրապետությունում արտակարգ դրության սահմանափակումները, որոշել են այս անգամ էլ օնլայն ներկայացումով նշանավորել օրը։ Ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը»։

Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք արտակարգ իրավիճակից հետո նույնպես հնարավոր է այս պրակտիկան կիրառել, Մանուկյանը պատասխանեց, որ լավագույն տարբերակը կենդանի շփումն է:

«Սա միայն այս ընթացքում եմ լավ լուծում համարում, դրանից հետո կենդանի շփումն ավելի կարևոր է։ Ճիշտ է` էկրանից շատ բան կարող են դիտել, բայց կենդանի շփման ժամանակ դա այլ ազդեցություն է ունենում»,-նշեց Մանուկյանը` հավելելով, որ այս ընթացքում պատրաստվում են ևս մեկ օնլայն ներկայացում կազմակերպել երեխաների համար:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում մարտի 16–ից ապրիլի 14–ը արտակարգ դրություն է սահմանվել։

Արցախցիները վայելել են Երևանի տիկնիկային թատրոնի ներկայացումները

Ըստ թեմայի

Forbes-ը խորհուրդ է տալիս այցելել Գյումրի. այն աշխարհի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում է
Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում
Ջերմության հետքերով․ ինչպես ամերիկուհու թեթև ձեռքով Գյումրին հայտնվեց Forbes-ում