Տնտեսություն
© Photo : Gazprom Armenia official site

Իրանը զգալիորեն կմեծացնի Հայաստան մատակարարվող գազի ծավալները

Ստանալ կարճ հղումը

Իրանի նավթի նախարարը հայտնել է, որ 2018 թվականի վերջին Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալները օրական կհասնեն 3 մլն խմ–ի

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստան մատակարարվող գազի ծավալները եռակի կմեծանան` հասնելով օրական 3 մլն խմ-ի, հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հայտնում է IRNA իրանական գործակալությունը։

«Հայաստանն ավելացրել է իրանական գազի սեփական պահանջարկի գնման ծավալները, և 2018 թվականի վերջին Հայաստան մատակարարվող գազի ծավալները եռակի կմեծանան` մեկ միլիոնից հասնելով երեք միլիոն խորանարդ մետրի», — ասել է Զանգանեն Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո։

Հայկական պատվիրակությունը մեկնել է Իրան` Վրաստանով գազի տարանցման հնարավորության վերաբերյալ բանակցություններ անցկացնելու համար։

«Իհարկե, Հայաստանը փոքր սպառող է, սակայն կարող է լուրջ խթան հանդիսանալ Իրանից գազ ներկրելու համար։ Կողմերը համաձայնության են եկել այս հարցում», — ասել է Զանգանեն։

Իրանը Հայաստանին գազ է մատակարարում ջերմային էլեկտրակայանների համար, որը վերածվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում Իրան։

Համաձայնագրի շրջանակում փոխվել է նաև ընկերությունը, որն իրանական գազը ներմուծում է Հայաստան։ Նախկինում գազը գնում էր Երևանի ՋԷԿ-ը։

«Նոր կազմակերպությունը համակարգելու է գազի ուղիղ ներմուծումն ու դրա տարանցումը այլ տարածաշրջաններ», — ասել է Զանգանեն։

Հայաստանը Վրաստանից տարածքով բնական գազ է ստանում Ռուսաստանից, իսկ Իրան-Հայաստան գազատարի միջոցով ստացվող կապույտ վառելիքը փոխակերպվում է էներգիայի և ուղղվում Իրան։

Գազի մատակարարումն ընդլայնելու համար 2007 թվականին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։

Երկու երկրների միջև ստորագրած համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլն խմ բնական գազ` հինգ տարով պայմանագրի ժամկետը երկարացնելու և մատակարարվող գազի ընդհանուր ծավալի մինչև 47 մլն խմ ավելացնելու պայմանով։