ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի- Sputnik, Նելլի Դանիելյան. Եթե գործերը լավ գնան, Հաաստանը կդառնա արաբական աշխարհի հիմնական մատակարարներից մեկը:
Արարատի մարզի Մասիս քաղաքում առաջիկայում բուսական յուղերի գործարան կկառուցվի: Գործարանը տեղակայվելու է Մասիսի նախկին լքված արտադրական տարածքներից մեկում և կզբաղեցնի մոտ 6000 քմ տարածք։
«Ինչ-որ խորհրդային տարիներից մնացած փլատակ ենք գնել, թալանված տարածք է, երևի նախկինում ավտոմեքենաների կայանատեղի է եղել: Արդեն 4 ամիս է սկսել ենք քանդման աշխատանքները: Dդրանից հետո նոր պիտի շինարարությունը սկսենք»,- Sputnik Արմենիային պատմեց գործարանի սեփակնատեր «Ղալբուրջյան Գրուպ» ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանը։
Սփյուռքահայ գործարարը Դուբայից է, այնտեղ նա նմանօրինակ բիզնես արդեն ունի: Հիմա նպատակ ունի իր կարողությունները նաև հայրենիքում զարգացնել: Հայաստանյան գործարանը սեփականատերը մտադիրէ գործարկել արդեն 2019թ.-ի փետրվարին: Առաջին փուլում ներդրվելու է 500 000 դոլար, կբացվի 40 աշխատատեղ: Հայաստանում քունջութի ձեթի պահանջարկը մեծ չէ: Մեր զրուցակցի խոսքով՝ այն հիմնականում կիրառվում է որոշ արաբական կերակրատեսակներում, օրինակ` հումուսում, հալվայում, որ Հայաստանում սկսել են պատրաստել սննդի կետերում:
Հայաստանյան շուկայի ուսումնասիրությունը սփյուռքահայ գործարարին թույլ է տվել մի եզրակացություն անել. մեր երկրի շուկան փոքր է ու սահնամափակ, հետևաբար, ցանկացած արտադրություն հիմնելուց առաջ նախ պետք է գտնել այն արտաքին շուկան, որտեղ այդ ապրանքը պահանջարկ կունենա: Քունջութի ձեթի դեպքում այդ շուկան արաբական աշխարհն է:
«Մենք հաշվարկներ ենք արել, որ այստեղ արտադրված ձեթը կկարողանանք արտահանել Դուբայ, իսկ այնտեղից արդեն սպառել արաբական երկրներում: Ինչու չէ, արաբների մոտ մեծ պահանջարկ ունեցող այս ձեթն էլ պատրաստված կլինի հայկական քունջութով»,- ասաց գործարարը:
Հայաստանում գործարանի առկայությունը հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը, մասնավորապես` քունջութի արտադրությունը: Իսկ քանի որ քունջութի մշակմանը հարմարվելու համար հայ գյուղացուն ժամանակ է պետք, առաջին արտադրությունը գործարանը կտա դրսից ներկրված հումքով: Ապա Զոհրաբ Ղալբուրջյանը մտադիր է սեփական միջոցներով կազմակերպել ցանքը, ուսումնասիրել հայկական քունջութի առանձնահատկություններն ու կլիմայական պայմանները: Իսկ երբ արդեն գյուղացիները կսկսեն սեփական քունջութը ցանել, գործարարը խոստանում է «լավ գնով» իրականացնել բերքի մթերումը: