Տնտեսություն
© Sputnik / Asatur Yesayants.

100 փաստ եմ ներկայացնում, որ թիվը կլոր լինի. Փաշինյանի տնտեսական թվերը

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը նշեց, որ հեղափոխությունից հետո 82 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի է տպագրվել, որը շուրջ 35-40 տոկոս աճ է` նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնավարման մեկ տարին ամփոփելով, 100 փաստ հրապարակեց նոր Հայաստանի մասին։ Նա նշեց` ներկայացնում է 100 փաստ, որպեսզի թիվը կլոր լինի ու սկսեց թվարկել դրանք։

«Փաստերից մեկն այն է, որ ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով` ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդով։ Բացի այդ, 2019–ի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 25 տոկոսով` 64.1 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով։ 2018–ին հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 21.8 տոկոսը, ինչը 2017–ի համեմատ, բարելավվել է 1.3 տոկոսային կետով»,–ասաց վարչապետը։

Նա հայտնեց նաև, որ կառավարության հարկ վճարողների հանդեպ ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմում է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը։ Խոսքն այն մասին է, որ ՊԵԿ–ն ու հարկային մարմինները գերավճարներ են պահանջել տնտեսվարողներից. 2018թ.–ի հունվարի 1–ի դրությամբ այդ պարտքը եղել է 130 մլրդ։ Այսինքն` բիզնեսը 130 մլրդ ավել փող է վճարած եղել` առանց դրա պարտավորությունն ունենալու։ «Իշխանափոխությունից հետո ՊԵԿ–ն ու հարկայինը հաշվետվություն են ընդունել, բայց դրա դիմաց փող չեն գանձել, ավելին` դեռ 120 մլրդ դրամի պարտավորություն էլ մարել են»,–ասաց նա։

Վարչապետը նշեց, որ հեղափոխությունից հետո 82 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի է տպագրվել, որը շուրջ 35-40 տոկոս աճ է` նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ։ Նա նշեց նաև, որ նոր սերնդի ՀԴՄ–ները փոքր և միջին ձեռնարկատերերին տրվում է 160 000 դրամի փոխարեն 60 000 դրամով։

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա 51 000 աշխատատեղ է դուրս բերվել ստվերից. Փաշինյանի խոսքով` դրանց որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղեր են։

ՀՀ վարչապետը ևս մեկ փաստ նշեց` ասելով, որ այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք էլ աշխատում են առանց ընդմիջման ժամերի։ Սա, ըստ նրա, նպաստել է մեքենաների ներմուծման աննախադեպ աճին։