Տնտեսություն
© CC0 / Maklay62 / Money

«Սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով». օլիգարխները սկսել են ավելի շատ հարկ վճարել

Ստանալ կարճ հղումը

Հայ օլիգարխների խոշոր ընկերությունները սկսել են ավելի շատ հարկեր վճարել։ ՀՀ ՊԵԿ–ի վիճակագրությունը հերթական անգամ հաստատում է դա։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի օլիգարխներին պատկանող ձեռնարկությունները գնալով ավելի շատ հարկեր են վճարում։ Դա երևում է 2019 թվականի առաջին եռամսյակի` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վիճակագրությունից։ Այդ թվերին ծանոթանալուց հետո, կասկածներ չեն մնում` օլիգարխները սկսել են սիրել մեզ։

Թե ինչպես Հայաստանում մեծահարուստները սկսեցին հարկեր վճարել իշխանափոխությունից հետո, կարելի է հետևել երկու ամենախոշոր օլիգարխների` Սամվել Ալեքսանյանի և Գագիկ Ծառուկյանի օրինակով։

2018 թվականի առաջին կիսամյակում (2019 թվականի հունվարից–հունիս տվյալները մենք կհամեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ - խմբ.)  Ալեքսանյանին պատկանող խոշորագույն ձեռնարկությունները բյուջե են վճարել 10 մլրդ դրամից մի փոքր պակաս, իսկ 2019-ին` ավելի քան 13 մլրդ դրամ։

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի լեոն» և «Մուլտի գազ» գազալցակայանների ցանցերն անցած տարի վճարել են 440 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ այս տարի` ավելի քան 1.2 մլրդ դրամ։

Եթե խոսենք առանձին ձեռնարկությունների մասին, ապա նախկինում Ալեքսանյանի առևտրային և արդյունաբերական բիզնեսը միացվել էր «Ալեքս հոլդինգին»։ Սրա մեջ մտնում էին ապրանքների մեծածախ ներմուծումը (կարագ, շաքարավազ, ալյուր, մսամթերք, ոգելից խմիչքներ և այլն), Հայաստանի խոշորագույն «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, խոշոր Բաղրամյանի ալրաղաց գործարանը։ Միասին դրանք բյուջե են վճարել 7.7 մլրդ դրամ։

Այս տարի Ալեքսանյանն իր հոլդինգը բաժանել է չորս առանձին ձեռնարկությունների։ Սակայն ընդհանուր նրանք վճարել են 20%–ով ավելի հարկ։ Հարկային վճարումների աճ է գրանցվել նաև Ալեքսանյանի այն ընկերություններում, որոնք չէին մտնում «Ալեքս հոլդինգի» մեջ։ Այսպես, օրինակ. «Ալեքս տեքստիլ» գործարանը  կրկնակի ավելի է վճարել, իսկ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը` եռակի անգամ ավելի։

Հայաստանի բյուջեն ու ընդերքը. որքան են վճարել հանքարդյունաբերողները պետությանը

Ավելացնենք, որ «բարիացել» են ոչ միայն «Երևան սիթի» սուպերմարկետները։ Մյուս երկու ցանցերը` SAS–ն ու «Նոր Զովքը», գրեթե կրկնակի ավել հարկ են վճարել։ SAS–ի հարկերն աճել են` 1,1–ից դառնալով 2 մլրդ դրամ (այս ցանցը պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին), իսկ «Նոր Զովքի» հարկերն աճել են 340–ից մինչև մոտ 660 մլն դրամ։ Եվ նույնիսկ Գագիկ Ծառուկյանի համեմատաբար փոքր գարեջրի գործարանը` «Կոտայքը»,  45%–ով ավելի հարկ է վճարել։

Արդյո՞ք սա նշանակում է, որ այսօր մենք ավելի շատ գուլպա ենք մաշում, ավելի շատ գարեջուր խմում, այնուհետև նստում ավտոմեքենան և շրջում Երևանով` վառելիք ծախսելով։ Ամենայն հավանականությամբ` ոչ։

Նույն 2019 թվականի առաջին կիսամյակի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են` Հայաստանի մանրածախ առևտուրն (այդ թվում` խանութները, գազալցակայաններն ու դեղատները) իսկապես աճել է։ Սակայն 8,9%–ով, այսինքն` ոչ կրկնակի։

Ի՞նչ է դա նշանակում։ Թույլ կտանք մեզ ենթադրություններ անել, որ երթևեկում և խմում ենք մոտավորապես նույնքան, որքան անցած տարի, պարզապես այդ և մյուս ձեռնարկությունները, ըստ ամենայնի, սկսել են ավելի զգուշավոր գտնվել`հարկեր վճարելու հարցում։

Եվս մեկ կետ` ֆինանսական խիստ վերահսկողության տակ գտնվող միջազգային ձեռնարկությունները գրեթե նույնքան հարկ են վճարում, որքան նախկինում. հեղափոխությունը նրանց վրա գրեթե չի ազդել։ Մասնավորապես «Կոկա–Կոլա» տեղի գործարանը գործնականում ընդամենը 7,6%–ով ավելի հարկ է վճարել (եթե հանենք  գնաճի 2%, կմնա մոտ 5%)։ Գործարանի սեփականատերը հունական կապիտալով  (Coca Cola HBC–ը, որը ֆրանչայզինգով է աշխատում) ընկերություն է, որի բաժնետոմսերը ներկայացված են Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Խոշոր համաշխարհային բորսաները հարկային մախինացիաներ չեն սիրում։

Խոշոր հարկատուները 64 միլիարդով ավել գումար են բյուջե վճարել. Փաշինյանը գրառում է արել

Նույնը կարելի է ասել արաբական Majid al-Futtaim ընկերության մասին, որը նույնպես ֆրանշիզով է ղեկավարում Carrefour ֆրանսիական սուպերմարկետները։ Ընկերության շրջանառությունն այնքան էլ մեծ չէ. 2018 թվականին այն մոտ 120 մլն դրամ է վճարել որպես հարկ, իսկ 2019–ին` շուրջ 180 մլն դրամ. այսինքն` 1.5 անգամ ավելի։ Սա զգալի ավելացում է, եթե չհիշենք, որ անցած աշնանը ընկերությունը  բացեց իր երկրորդ սուպերմարկետը։ Բայց վերը հիշատակված սուպերմարկետների և դեղատների թիվը կրկնակի չի ավելացել։

Այսինքն` արտասահմանյան ընկերությունների համար վերջին տարում քիչ բան է փոխվել։  Իսկ այ տեղական առևտրային բիզնեսը փոփոխություններ է կրել։ Եթե խոսենք «թավշյա հեղափոխության» կարգախոսներով, այժմ նրանք «սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով»։

Ըստ թեմայի

Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե
Մոտ 2 միլիարդ դրամ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե. դատախազության տվյալները
Պետությանը պատճառված 110,5 մլրդ դրամի վնասից 30 մլն–ը վերադարձվել է բյուջե. նոր տվյալներ