Էքսկլյուզիվ
фото пресс-службы РЭУ

Փորձագետ. ԱՊՀ երկրներից ժամանող դիմորդներն ընտրում են «մատչելի դասականը»

Ստանալ կարճ հղումը

Գնահատու՞մ են արդյոք ԱՊՀ երկրներից ժամանող դիմորդները դասական հիմնավոր կրթությունը։ Կախվա՞ծ է արդյոք նրանց ընտրությունը բուհի, ֆակուլտետի կամ մասնագիտության հեղինակությունից, ներկայիս տնտեսական իրավիճակից։ Այս և այլ հարցերին պատասխանում է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի (ՌՏՀ) կազմակերպչական և վիզաների բաժնի պետ Աննա Կրյուկովան։

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի կազմակերպչական և վիզաների բաժնի պետ Աննա Կրյուկովան «Նովոստի» ՌՏԳ թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է կազմակերպվել ԱՊՀ երկրներից ժամանող դիմորդների ընդունելությունը` խորհուրդ տալով նրանց ընտրել այդ երկրներում ամենապահանջված ֆակուլտետներն ու մասնագիտացումները։

- Պլեխանովի անվան ՌՏՀ-ում ո՞ր մասնագիտությունները, պատրաստման ծրագրերն են գրավում ԱՊՀ երկրներից ժամանող դիմորդներին։

— Առավել պահանջված են այսպես կոչված «ունիվերսալ» ծրագրերը` «Էկոնոմիկա» և «Մենեջմենտ» ուղղություններով, քանի որ դրանք խստորեն կապակցված չեն որևէ ազգային կամ տարածաշրջանային օրենսդրության հետ։ Դրանք են «Հաշվապահական հաշվառումը», «Վերլուծությունը և աուդիտը», «Ֆինանսները և վարկը», «Համաշխարհային տնտեսությունը», «Ձեռնարկությունների և կազմակերպությունների տնտեսությունը», «Ռեստորանային բիզնեսի մենեջմենթը», «Մարքեթինգը»։ Պատրաստման այլ ծրագրերի շարքում կնշեմ այն ծրագրերը, որոնք հավասար չափով գրավում են ռուսաստանցիներին և հետխորհրդային պետությունների բնակիչներին։ Դրանք են՝ «Իրավագիտությունը», «Մաքսային գործը», «Առևտրային գործը», «Կիրառական ինֆորմատիկան»։

- Ինչ՞ի հետ եք կապում համալսարանի նկատմամբ նախկին ԽՍՀՄ քաղաքացիների կողմից ցուցաբերվող կայուն հետաքրքրությունը։ Այդ կատեգորիայի համար ընդունելության ժամանակ նախատեսվա՞ծ են ինչ-որ հատուկ պայմաններ։

— Կարծում եմ` բուհի հանրաճանաչությունը պայմանավորված է առաջին հերթին կրթության ոլորտում նրա հաջողությունների հետ, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ամենախիստ «որակի աուդիտներում» բարձր ցուցանիշներով։ Մեր ուսանողների սպասելիքներն էլ, դատելով «ուսուցման որակ» դասում QS Stars վարկանիշից, ՌՏՀ-ն լիովին կարդարացնի։ Մարդիկ ընտրում են մեզ, որովհետև գնահատում են դասական հիմնովի կրթությունը, որի հեղինակությունը կախված չէ առկա տնտեսական իրավիճակից։ Ի դեպ Մոլդովայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հայաստանից շրջանավարտների մոտ 90 տոկոսն աշխատանքի է տեղավորվում հայրենիք վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում։

Հանուկ պայմաննե՞ր։ Նախ և առաջ` չորս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիներն առաջվա նման իրավունք ունեն ընդունվել մեր բուհ բյուջետային տեղերի սահմանում ընդհանուր մրցույթով։ Նույնը վերաբերում է նաև ՌԴ տարածքում ժամանակավոր բնակության համար թույլատվություն ունեցող Վրաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Թեև, ի տարբերություն ռուսաստանցի դիմորդների, բոլոր թվարկված կատեգորիաներն ընդունվում են ոչ թե Միասնական պետական քննության (ԵԳԷ), այլ իրենց կողմից ընտրված ուսուցման ուղղությունից և բնագավառից ուղղակիորեն կախված ներքին ընդունելության քննությունների արդյունքներով։

Նախկին Միության բոլոր մնացած երկրների բնակիչների համար այդ կանոնը գործում է միայն այն դեպքում, եթե նրանք ունեն հայրենակցի կարգավիճակ։ Դա հաստատվում է ԽՍՀՄ-ին ուղիղ վերընթաց գծով (այսինքն՝ ծնողների) պատկանելությամբ, կամ էլ եթե ծնողներից մեկը հանդիսանում է ՌԴ տարածք կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի մասնակից։

Բացի այդ, բյուջետային հիմքով արտասահմանցի ուսանողների ընդունելություն է իրականացնում Ռոսհամագործակցությունը՝ «նախապատվության իրավունքի» բանաձևով։ Մեխանիզմը պարզ է․ շրջանավարտը դիմում է բնակության երկրում ՌԴ դեսպանության Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն և այնտեղից տեղեկանում բյուջետային հիմունքով մեր համալսարան ընդունվելու պայմանների մասին։ Այդ դեպքում նրան հարկավոր չէ հանձնել լրացուցիչ քննություն։

- Իսկ որո՞նք են «արտաբյուջետային» ընդունվողներին ներկայացվող պայմանները։

— Նրանց համար ՌՏՀ-ն անցկացնում է «արտասահմանցի» դիմորդների համար նախատեսված գրավոր թեստավորում։ Քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում նրանց հետ կնքվում է վճարովի կրթական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր։

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը (հիմնադրվել է 1907թ․) Ռուսաստանի առաջատար տնտեսագիտական բուհն է։ 2014 թվականին տեղ է զբաղեցրել BRICS երկրների 100 լավագույն բուհերի թվում՝ ըստ միջազգային վարկանիշային գործակալության QS վարկածի։ Միջազգային համագործակցության շրջանակներում Պլեխանովի անվան ՌՏՀ ուսանողներն օգտվում են աշխարհի ամենահեղինակավոր համալսարանների կրկնակի և եռակի դիպլոմ ստանալու հնարավորությունից։ Նրա շրջանավարտներից են հայտնի տնտեսագետներ, քաղաքական գործիչներ Լ. Ի. Աբալկինը, Տ. Ա. Գոլիկովը, Մ. Մ. Զադորնովը, ձեռնարկատեր Օ. Վ. Դերիպասկան։