Էքսկլյուզիվ
© Sputnik / Asatur Yesayants

Հնարավո՞ր է Փաշինյան–Սարգսյան բանակցությունների 2–րդ փորձ. պատասխանում է Շարմազանովը

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ–ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ 2017թ–ի խորհրդարանական ընտրություններն օրինական և ժողովրդավարական են եղել, դրանց արդյունքները ճանաչել է ընդդիմությունը, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը։ Եվ պետք է որոշի ոչ թե նա, ով ավելի շատ կողմնակիցներ ունի հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Իշխանությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը տեսնում են խորհրդարանում քաղաքական երկխոսությունը ընդդիմության և իշխանության միջև։

Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք բանակցությունների երկրորդ փորձ վարչապետ Սարգսյանի և «Իմ քայլը» ակցիայի առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արցախի փողոցում ոստիկանները ցրել բողոքի ակցիան։ Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի չհաջողված բանակցություններից կես ժամ անց։ Բախման ընթացքում ձերբակալվել է նաև շարժման առաջնորդը։

Ապրիլի 22–ին Armenia Marriott հյուրանոցում վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ գտնվում է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը քննարկելու նպատակով, այլ ոչ թե ինչ-որ բանակցություններ վարելու համար։ Սարգսյանը նշեց, որ Փաշինյանը չի բանակցում, այլ վերջնագրի լեզվով է խոսում, որից հետո լքեց հանդիպման վայրը։

«Նորագույն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ցուցարարների առաջնորդի հետ նստեց բանակցությունների սեղանի շուրջ ուղիղ եթերում», – ասաց Շարմազանովը։

Փոխխոսնակը հիշեցրեց, որ շաբաթ օրը երկխոսության առաջարկով Հանրապետության հրապարակում է եղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ ինքը` Շարմազանովը, դեռ ապրիլի 18–ին խորհրդարանի ամբիոնից քաղաքական երկխոսության և հանդուրժողականության կոչ է արել։

Նույն կոչերով դիմել են նաև տարբեր իշխանական կառույցներ, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և գործիչներ։ Ցավոք, Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցությունների, այլ վերջնագիր ներկայացնելու համար։

Շարմազանովի կարծիքով` հասարակությունում չպետք է լինեն թշնամիներ և հակառակորդներ, մենք բոլորս նույն հասարակության մի մասն ենք։

«Եթե ինչ-որ մեկին պետք են հզոր ցնցումներ, ապա մեզ պետք է հզոր Հայաստան», – նշեց Շարմազանովը։ Նրա խոսքով` իշխող կուսակցությունը պատրաստ է լսել ցանկացած կառուցողական առաջարկ, այլ ոչ վերջնագիր։

Բանակցությունների երկրորդ փորձի հնարավորության մասին հարցին Շարմազանովը պատասխանեց, որ իշխանությունները միակ ելքը տեսնում են խորհրդարանում ընդդիմության և մեծամասնության միջև քաղաքական երկխոսության միջոցով։

«Փաշինյանն արդեն մեկ անգամ դրսևորել է իր նիհիլիզմը, բայց բանակցությունների վերջնագրով ներկայանալը մաքսիմալիզմ է, սա քաղաքական օրակարգ չէ։ Հայաստանում օրենքով ընտրված իշխանություն կա, որին 2017թ–ին Հայաստանի քաղաքացիներն են ընտրել», – ասաց նա։

Բոլոր միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ ընտրությունները եղել են ազատ և ժողովրդավարական։ Բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, այդ թվում` այն, որը գլխավորում է Փաշինյանը, ընդունել են այդ ընտրությունների արդյունքները։

«Ըստ նրանց տրամաբանության, Հայաստանում ընտրությունները պետք է անցկացվեն ամեն ամիս, բայց ինչի՞ համար են նման ընտրությունները», – հարց է տալիս Շարմազանովը։ Փոխխոսնակն ասաց, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ որոշում է նա, ով ավելի շատ կողմնակիցներ ունի հրապարակում։

Շարմազանովի խոսքով` իշխանությունը պատրաստ է քննարկել ստեղծված իրավիճակը միջազգային կառույցներում, իշխանությունը գործում է բացառապես ի շահ պետության։ Բոլոր ժողովրդավարական երկրներում իրավապահ մարմինները նման դեպքերում կիրառում են ավելի կոշտ միջոցներ, քան հայկական ոստիկանությունը, հավելեց նա։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների. Արա Բաբլոյան
Հանրապետության հրապարակում նախանշված հանրահավաքը կկայանա. վստահեցնում են կազմակերպիչները
Ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ. ՄԻՊ