Պատահարներ
© Sputnik / Aram Nersesyan

Հոգեբանական կենտրոնում դանակահարված հոգեբանը մահացավ

Ստանալ կարճ հղումը

Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոգեբան Ռուբեն Պողոսյանը շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այսօր լուսադեմին նա մահացել է:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Ռուբեն Պողոսյանն այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով: Այս մասին հայտնում են հիվանդանոցից։

Պողոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: Անմիջապես տեղափոխվել էր վիրահատարան, որտեղ դիմածնոտային, և այլ նեղ մասնագետները ցուցաբերել էին համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել էր արյան մեծ կորստի պատճառով, ինչը հանգեցրել էր նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը:

Նշենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին  ոստիկանությունը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:

Ռուբեն Պողոսյան

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: