ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Արագածոտնի մարզում գողություն է տեղի ունեցել: Ոստիկանության Աշտարակի բաժինն ահազանգ է ստացել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սրեր, սիգարներ և այլ իրեր:
Տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովիկ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: