ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի– Sputnik. ԼՂՀ ԱԳՆ–ն կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար։
«Շահագրգիռ միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար, և հետևանքների բացառմանն ուղղված կոչերի փոխարեն իրավիճակի սրման պատճառներն արմատախիլ անելուն ուղղված քայլեր ձեռնարկել», – նշվում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի տարածած հայտարարության մեջ։
Ուրբաթ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նույն օրը Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի արկակոծման հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ–ի չորս զինծառայող, կան նաև վիրավորներ։
Սարգսյանը նշել է, որ ափսոսանք է առաջացնում այն, որ Ադրբեջանի նման գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ են անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:
«Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներից և այդպիսով ստեղծելով և հետագայում օգտագործելով մի իրավիճակ, երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը», – նշել է մամուլի քարտուղարը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: