Արցախ
© Sputnik / Asatur Yesayants

Հրաձգություն ԼՂՀ հակամարտության գոտում. կան զոհեր

Ստանալ կարճ հղումը

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հրաձգության ընթացքում հակառակորդը կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ:

Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրությունում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: