ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում 5 ժամով կդադարեցվեն բոլոր մարտական գործողությունները` զոհերի մարմինները որոնելու համար, հայտնում է Արցախպրեսը` հղում անելով ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին։
Ըստ պայմանավորվածության` կրակի դադարեցման ռեժիմը խստորեն կպահպանվի ապրիլի 8-ին ժամը 15։00-ից մինչև 20։00-ն ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով։
Աշխատանքները համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։