Արցախ
AFP PHOTO / KAREN MINASYAN

Ադրբեջանը հրադադարը հիմնականում խախտել է հրաձգային զենքից

Ստանալ կարճ հղումը

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից:

Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ենթափողային նռնականետ (ԳՊ-25, 1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։