Արցախ
Official site of the President of NKR

Բակո Սահակյան. «Պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետևանքները վերացնելու համար»

Ստանալ կարճ հղումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել է շրջանում իրականացվող ճանապարհների և հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում է Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահն այցելել է նաև Ալաշան տեղամաս և տեղում ծանոթացել սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների համար բնակարանների կառուցման աշխատանքներին: Նախագահը նշել է, որ պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետևանքները վերացնելու համար:

Այնուհետև Պողոսագոմեր գյուղում նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել բնակավայրի կենսագործունեությանն առնչվող հարցերին:

Նույն օրը Վանք գյուղում Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Մարտակերտի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են Մարտակերտի շրջանի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այսուհետ էլ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի շրջանի գյուղատնտեսության ոլորտը զարգանա բարձր և կայուն տեմպերով:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: