Արցախ
© Sputnik / Асатур Есаянц

ՊԲ բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ

Ստանալ կարճ հղումը

Արցախի Պաշտպանության բանակում մեկնարկել է ուսումնական փուլը։ Զինծառայողներին շնորհավորել է Արցախի պաշտպանության նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputmik. Փետրվարի 13-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այդ առիթով հարավային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը, որի նպատակն է ունենալ ներդաշնակ ստորաբաժանումներ, որոնց յուրաքանչյուր ներկայացուցիչ ունակ կլինի գործել կոլեկտիվի կազմում, անհատապես իմանա իր տեղը շարքում և մարտակարգում, հստակորեն ու ըստ հերթականության տիրապետի այն բոլոր գործողություններին, որոնք իրականացվում են զորամասերը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերելու ժամանակ:

Նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: