Արցախ
© CC BY-SA 4.0 / Baykar Sepoyan / Azatamartikneri boulevard, Stepanakert, Republic of Artsakh (cropped photo)

Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել. կան ձերբակալվածներ

Ստանալ կարճ հղումը

Հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմայով նախաքննությունը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։

«2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը միջադեպի վերաբերյալ, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, բերման են ենթարկել 15 քաղաքացու:

Արցախի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 1-ին, ժամը 19:25-ին ահազանգ են ստացել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Տասնյակ մարդիկ, այս միջադեպից վրդովված բողոքի ակցիաներ են իրականացնում Ստեփանակերտում։ Նրանք պահանջում են Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, նաև պահանջում են ձերբակալել ծեծկռտուքին մասնակցած հատուկջոկատայիններին։ Բողոքի ակցիանները որոշ դադարներով շարունակվում են առ այսօր։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

Ըստ թեմայի

Բաբայանը մեկնաբանում է Արցախում ստեղծված իրավիճակն ու կոչ անում զերծ մնալ սադրանքներից
Բողոքի ակցիա Արցախում. մարդիկ պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը
Հայաստանում նախազգուշացնում են` Արցախում պատերազմ կարող է սկսվել 2019 թվականի գարնանը