Արցախ
© Sputnik / Aram Nersesyan

Բակո Սահակյանը զգուշացնում է` շահարկումները հղի են հասարակությանը պառակտելու վտանգով

Ստանալ կարճ հղումը

Նախագահը կառավարության անդամների և պետական այլ մարմինների ղեկավարների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների և պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի և ստացել իրավական գնահատական:

«Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան և հնարավորինս հրապարակային՝ հանրությանը պարբերաբար իրազեկելով ընթացքի մասին: Բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է իր խոսքում Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրում անընդունելի են ինչպես նման միջադեպերը, այնպես էլ դրանց քաղաքականացումը և տարբեր շահարկումները, որոնք հղի են հասարակությունը պառակտելու վտանգով:

«Այս համատեքստում ես կուզենայի հատուկ դիմել մեր ժողովրդին՝ ապավինելով նրա իմաստնությանը, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, սթափություն, հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու և ճիշտ որոշումներ ընդունելու, կարևորագույն հարցերի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունք դրսևորելու ունակությանը: Մեզ համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, միասնականությունը և համախմբվածությունը, պետական հիմքերն անսասան պահելը, երկրի անվտանգության և պաշտպանունակության բարձրացումը, մեր քաղաքացիների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովումը, ժողովրդի կենսապայմանների բարելավման նպատակով կարևորագույն սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը»,- շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահի խոսքով՝ իշխանությունները, կառավարման օղակները պարտավոր են այս ուղղությամբ իրականացնել սկզբունքային, հետևողական ու քրտնաջան աշխատանք:

Հիշեցնենք` Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո արցախցիները դուրս էին եկել փողոց և պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:

Ըստ թեմայի

ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում Արցախում թավշյա հեղափոխության կրկնությունը
Փոխզիջումների մշակույթն ու պրագմատիզմն Արցախում կգերիշխեն. քաղտեխնոլոգ
Բողոքի ակցիա Արցախում. մարդիկ պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը