Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Պատգամավորներն արձագանքում են Խորենացու փողոցի և Սարի թաղի դեպքերին

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից անցել է շուրջ 2 շաբաթ: Այս գիշեր բախումներ են եղել քաղաքացիների և ոստիկաննների միջև: Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն է տեղափոխվել կամ դիմել 60 տուժած։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ տեղի ունեցավ, արդեն մարդկային չէ, բանական չէ: Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով:

Պետք չէ այսչափ լկտիանալ ու ձեռք բարձրացնել երիտասարդ աղջիկների, կանանց վրա, տարեցների ու ակնհայտ հաշմություն ունեցողների վրա: Դա մարդկային տականքության ցցուն դրսևորում է, ավելի ճիշտ ազգային տականքության յուրատեսակ դրսևորում:

Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, կամ ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու: Ընտրված մեթոդը ամենավատ տարբերակն է: Դա միայն ավելացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը»:

Անհապաղ անհրաժեշտ է գտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքական եղանակներ, իսկ իշխանությունը փոխզիջումների գնալու փոխարեն վերցրել է ինքնաոչնչացման ուղին»:

Ավելի վաղ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ գրել էր. «Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ: Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը և սադրեցին բախումներ»: