Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Ժիրայր Սեֆիլյանը նոր հայտարություն է արել

Ստանալ կարճ հղումը

Սեֆիլյանն իր հայտարարութան մեջ նշել է, որ պետք է հանդիպի «Սասնա ծռերի» անդամների, հետո միայն՝ ՀՀ նախագահի հետ, որի արդյունքում միայն խմբի անդամները կարող են զենքը վայր դնել:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը: Նա պարզաբանել է վերջին օրերին տեղի ունեցած բանակցությունները:

«Անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված և հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ»,- ասել է Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ ինքն էլ շարունակում է  հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ իր և «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է:

«Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը»,- նշված է հայտարարության մեջ:

Սեֆիլանն ընդգծել է, որ շարունակում է մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը: