Քաղաքականություն
Пресс-служба НС РА

Բանակին վերաբերող օրինագիծը՝ կոռուպցիոն ռիսկերի բացահայտման առիթ

Ստանալ կարճ հղումը

Մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողներին աջակցելու նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամներ գանձելու մասին նախագծի շուրջ կրքերն ԱԺ-ում չեն դադարում:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Աժ-ում յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պահելու աղմկահարույց նախագծի քննարկման արդյունքում բանակի գեներալների ապօրինի հարստացման հարցի արծարծումից հետո ԱԺ-ի ամբիոնին մոտեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նա իր ելույթում չժխտեց, որ կան բանակի հաշվին հարստացածներ:

«Բանակից ով ինչ գողացավ, կերավ, քթերից դուրս է գալու: Իրենցj] էլ դուրս չգա՝ իրենց երեխաների քթերից է դուրս գալու: Ես չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ երեխեքը նարկոման են դառնում, կամ ղումարբազ, կամ էլ կազինոներում էդ փողերը քամուն են տալիս», —ասաց նա՝ կոչ անելով նման մարդկանց պատժելու գործը թողնել Աստծոն:

«Ավելի լավ է Աստված պատժի, քան թե դատախազը»,- ասաց Սեյրան Սարոյանը: 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ հայտարարեց, որ կողմ է քվեարկելու օրինագծին, ապա հավելեց, որ բոլորը պետք է 1000 դրամ վճարեն որպես տույժ, քանի որ չեն կարողացել ստեղծել արդյունավետ իշխանություն:

Ինչ վերաբերում է բանակի վրա ծախսվող գումարներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակում զինվոր ունեցող ընտանիքները ստիպված են լինում սեփական միջոցներով հոգալ զինվորի կարիքները և դրա համար մեծ գումարներ են ծախսում:

«Եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, եկեք այնպես անենք, որ զինվորի ծնողն ազատվի Վերնիսաժից սապոգ առնելու, ներքնաշոր, գուլպա, հազար ու մի բաներ առնելու պարտականությունից», — ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև պահեստազորի սպաների ծանր սոցիալական վիճակին:

«Մեր չինովնիկները 400 հազար դոլարանոց մեքենաներից իջնում են ու լրագրողների առաջ կանգնում ասում ` դե մեր պետության միջոցները սուղ են: Սուղ են` առաջինը ձեզ համար թող սուղ լինեն», — ասաց նա:

Անդրադառնալով նախագծին` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամեն օր կա պատերազմի հավանականություն, ուստի պետք է ապրել` «ամեն ինչ ճակատի համար» սկզբունքով, սակայն սրան զուգահեռ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ իմանան` ինչ գույք ու միջոցներ ունեն երբևէ որևէ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ:

Սա պետական մենաշնորհ է, հասարակությանը կարող է օգտակար լինել, իր ելույթում այդպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները պետք է լինեն կամավոր սկզբունքով:

«Պարտադրանքով հերոսություն չի կարող լինել»,- ասաց նա,- «պետությունը պետք է այս խնդիրը լուծի: Պետությունը պետք է իր հնարավորություններով գումար դնի ու ասի՝ ժողովուրդ ջան, մի քիչ վիճակը ծանր է, դու էլ օգնիր»:

Արամ Մանուկյանն անհրաժեշտ գումարները հայհայթելու աղբյուրներ ևս մատնացույց արեց: Վկայակոչելով միջազգային տարբեր կառույցների տվյալներն այն մասին, որ Հայաստանից տարեկան դուրս է գալիս 1-1,5 մլրդ դոլար՝ պատգամավորը կոչ արեց պատկան կառույցներին ճշտել իսկությունն ու այդ գումարներն ուղղել բանակին:

Ինչ վերաբերում է բյուջեում անհրաժեշտ գումար չունեցող երկրում բնակվող միլիոնատերերին, ՀԱԿ պատգամավորը նշեց, որ ինքը ճանաչում է ՀՀ-ում բնակվող 5 միլիարդատերերի և ԱԺ դահլիճում գտնվող պաշտոնապես միլիոնատերեր համարվող 60 պատգամավորի և խորհուրդ տվեց պետությանն աջակցելու հարցով հենց նրանց դիմել: