Քաղաքականություն
© AFP 2020 / CHRISTOF STACHE / AFP

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի թուրք համահեղինակը չի գլխավորի Գերմանիայի ԱԳՆ–ն

Ստանալ կարճ հղումը

Գերմանիայի արտգործնախարարությունը կարող էր առաջին անգամ գլխավորել թուրքը, բայց այդ փաստը բոլորովին էլ Անկարայի սրտով չէր. Օզդեմիրը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի հեղինակներից մեկն է։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Գերմանական «Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը դժվար թե գլխավորի Գերմանիայի ԱԳՆ-ն։ Այդ մասին Երևանում լրագրողներին ասաց Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը։

Ջեմ Օզդեմիրը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակն է, որը 2016թ-ի հունիսին ընդունել է Բունդեսթագը։ Օզդեմիրից բացի բանաձևին կողմ էին քվեարկել 10 թուրք պատգամավոր։ Նրանք բոլորը հսկողության տակ են, իսկ Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել նրանց զերծ մնալ Թուրքիա մեկնելուց։

Հոկտեմբերին գերմանական ԶԼՄ-ները գրել էին, որ Օզդեմիրը կարող է զբաղեցնել արտգործնախարարի պաշտոնը։ Այդ լուրերը հայտնվեցին սեպտեմբերի վերջին Բունդեսթագում կայացած ընտրություններից հետո` իշխող քրիստոնյա դեմոկրատների (Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն) և «Կանաչների» կուսակցության միջև կոալիցիայի մասին բանակցությունների ֆոնին, որի համանախագահն Օզդեմիրն է։

Նոյեմբերի վերջին «Կանաչների» և Ազատ դեմոկրատական կուսակցության բանակցությունները դադարեցվեցին։

«Հիմա նրանք բանակցություն են վարում սոցիալ-դեմոկրատների հետ։ «Կանաչների» հետ բանակցությունները հանված են օրակարգից։ Ուստի անհնար է, որ նրանց ներկայացուցչին նախարար նշանակեն», — նշեց Վայլերը (ներկայացնում է Քրիստոնեադեմոկրատական միությունը)։

Օզդեմիրն իրեն մահմեդական է անվանում, բայց պահանջում է, որ Թուրքիային արգելեն Գերմանիայի մզկիթների ֆինանսավորումը։ Այդ փորձերը համարում է Էրդողանի իշխանությունների «հինգերորդ սյունը» գերմանական հասարակությունում։

Օզդեմիրն Էրդողանին անվանում է բռնապետ և մարդկանց առևանգիչ` զանգվածային քաղաքական բանտարկությունների համար։ Մաքուր խիղճ ունեցող ոչ մի մարդ չի կարող անվտանգության մեջ լինել Թուրքիայում, վստահեցնում է Օզդեմիրը։