Քաղաքականություն
© Sputnik / Asatur Yesayants

Շարմազանով. «Խորհրդարանը Վեչե չէ, որտեղ հարցերը լուծում էր նա, ով ամենաբարձրն էր բղավում»

Ստանալ կարճ հղումը

Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ընդդիմության ներսում կոնսենսուս չկա, և խորհրդարանում փոքրամասնություն լինելով` այն իրավունք չունի իր պայմանները թելադրելու։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Յուրաքաչյուր քաղաքացի և քաղաքական ուժ իրավունք ունի օրենքի շրջանակում ցույցեր անցկացնելու և իր կարծիքը հայտնելու։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել իշխող կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի դեմ ուղղված բողոքի ակցիաները։

«Դա նրանց սահմանադրական իրավունքն է, իսկ մեր իրավունքն է վարչապետի պաշտոնում մեր թեկնածուին առաջադրելը։ Երբ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում մեծամասնություն դառնա, այն ժամանակ թող իր թեկնածությունն առաջադրի»,- ասել է Շարմազանովը։

Նա նաև նշել է, որ այսօր «Ելք» դաշինքի հինգ պատգամավորներ, որի կազմում ընդգրկված է նաև Փաշինյանի կուսակցությունը, նիստերի դահլիճում նստած էին և չէին մասնակցում «Իմ քայլը» ակցիային, որը նախաձեռնել էր ՔՊ-ի առաջնորդը։ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի խոսքով` հենց դաշինքի ներսում կոնսենսուս գոյություն չունի։

Հայաստանն, ըստ Շարմազանովի, միջնադարյան Նովգորոդը չէ, իսկ խորհրդարանը Վեչե չէ, որտեղ հարցերը լուծում էր նա, ով ամենաբարձրն էր բղավում։