Քաղաքականություն
© AFP 2020 / KAREN MINASYAN

Ե՞րբ Ադրբեջանը կհրաժարվի սադրանքներից. բաղադրատոմս ՀՀ նախագահի խորհրդականից

Ստանալ կարճ հղումը

Ադրբեջանը սադրանքների է դիմում անկախ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, կարծում է նախագահի խորհրդականը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ադրբեջանը կդադարի սադրանքների գնալ, երբ զրկվի առավելություններից, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը։

Ապրիլից սկսած` Արցախում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին և Նախիջևանում հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում` զինվորական ստորաբաժանումների առաջխաղացում, հատուկ ստորաբաժանումների մանևրումներ։

«Հայկական զինված ուժերն ու պաշտպանության բանակը զգոն են, տիրապետում են իրավիճակին, և մենք պետք է ցույց տանք, որ զարգացման ցանկացած սցենարի դեպքում պատրաստ ենք քայլեր իրականացնել, և որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա», — ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է երեկ խոցված հայկական ԱԹՍ-ին, ապա, ըստ նրա, դա չպետք է վախեցնի. պետք է հետևություններ անել, որպեսզի հետագայում խուսափենք նման դեպքերից։

Հայկական կողմը, նրա խոսքով, պետք է զարգացման հստակ ծրագիր գծի, որում առաջնահերթ կլինի անվտանգության ապահովման հարցը։ Պողոսյանի խոսքով` երբ Ադրբեջանը զգա, որ առավելություններ չունի, կդադարի սադրանքների գնալ։

«Եվ հակառակը` երբ Բաքուն զգա, որ ինքն առավելություն ունի, սադրանքների կդիմի։ Կարևոր չէ, թե ինչ իրավիճակ կամ ինչ գործընթացներ են այդ պահին ընթանալու Հայաստանում», — ասաց Պողոսյանը։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չի անում։ Սա նշանակում է, որ ուզում է այդ հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով։

«Զենք և զինամթերք է գնում, խուսափում է բանակցություններից, ամեն օր սադրանքների է դիմում և միևնույն ժամանակ այնպես անում, այդ թվում լրատվական դաշտում, որպեսզի հայկական կողմը մտահոգվի նրանց, ոչ թե սեփական օրակարգով», — ասաց Պողոսյանը։

Ըստ նրա` պետք է աշխատել երկիրն ամեն օր ուժեղացնելու ուղղությամբ։ Ընդ որում, Պողոսյանի խոսքով, երբեմն լավագույն պաշտպանությունը հարձակումն է։

Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ արցախյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերի և ռազմատեխնիկայի ակտիվ առաջխաղացումը, որը սկսվել էր ապրիլի 12-ին, շարունակվում է։

Ըստ թեմայի

Եվ կրկին Նախիջևան. ո՞վ է մեկ բաժակ ջրում փոթորիկ փնտրում
Թեժացումը սարերի հետևո՞ւմ չէ. ինչի՞ կհանգեցնի Նախիջևանում ցուցադրվող «մկանների խաղը»
Ալիևը Երևանին սպառնում է Նախիջևանից. ի՞նչ կձեռնարկի Հայաստանը
Նախիջևանյան ջոկեր կամ Ալիևի ձեռքում թաքնված խաղաթուղթը