Քաղաքականություն
© CC BY 2.0 / Keith Cooper / Money

Փաշինյանը պետք է համընդհանուր վերանայում անի ՀՀ պետպարտքի հարցում. քաղաքական գործիչ

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին ինտենսիվ կերպով աճեցնում էր պետական պարտքը, և անհրաժեշտ է այդ միջոցների ծախսելու վերաբերյալ հետաքննություն անցկացնել։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք  է լրջորեն ուսումնասիրի` ինչպես և որտեղ են ծախսվել բազմամիլիոնանոց վարկերը, որոնք Հայաստանին տրամադրել են միջազգային կառույցներն ու օտար պետությունները։

Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում  կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ  Սարգսյանը։

Հայաստանի պետական պարտքը վերջին տարիներին հաստատուն կերպով աճում էր ու հիմա մոտ 7 միլիարդ դոլար է կազմում, կամ՝ ՀՆԱ 60%–ը։ Քաղաքական գործչի կարծիքով` պետական պարտքն այս տարիների ընթացքում ծավալուն  կոռուպցիոն սխեմաների աղբյուր է եղել։

Նա կարծում է, որ «վարկային միջոցների հիմնական մասը պարզապես կերել են», ու նոր կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի դրան։

«Մի քանի տարի առաջ կառավարությունը 200 միլիոն դոլար է վերցրել ոռոգման համակարգի նորացման  հրատապ ծրագրի համար։ Հարց. ու՞ր են այդ միջոցները։ Քանի որ նպատակային օգտագործման դեպքում Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն չէր առաջանա», – ասաց Սարգսյանը։

Դեմոկրատական կուսակցության առաջնորդի կարծիքով` այդ 200 միլիոնը միայն մի փոքր դրվագ է վերջին տարիներին իշխանության համակարգի կոռուպցիոն սխեմաների ու բյուջեի թալանման ընդհանուր պատկերի մեջ։ Քաղաքական գործիչն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում է այս երկրում ինչ–որ  բան փոխել, ապա նա պետք է իր նախորդների գործունեության համընդհանուր վերանայում նախաձեռնի։

Միաժամանակ Սարգսյանը կարծում է, որ նախորդ իշխանությունների՝ կրկին քաղաքական ասպարեզ վերադառնալու փորձերը վտանգավոր են։ Նա վստահ է, որ պետք է փակել նախորդ գործիչների վերադառնալու բոլոր ճանապարհները։ Ասածը նույն չափով վերաբերում է բոլոր երեք նախկին նախագահներին` Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը գիտի` ինչպես պետք է պայքարել կոռուպցիայի դեմ
ԵԱՀԿ գործող նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է
ՀՀ կառավարության վճռական պայքարը կոռուպցիայի դեմ կրելու է շարունակական բնույթ. Փաշինյան
Կոռուպցիա և անօրինություն. հնարավո՞ր է արդյոք այս հիվանդությունների ամբողջական բուժումը
Փաշինյանը հորդորել է կոռուպցիայի դեմ պայքարում խստորեն հետևել օրինականությանը
Կոռուպցիայի դեմ Փաշինյանի գործողությունների արդյունավետությունը մեկնաբանում է Մարկեդոնովը