Քաղաքականություն
© Photo : official site of the MoD of RA

ԵՊԲՀ-ն և ՊՆ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

Ստանալ կարճ հղումը

Այսուհետ ՊՆ ռազմաբժշկական հաստատությունները կհամարվեն բժշկական համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում կլինիկական առարկաների յուրացման, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման բազաներ:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 15-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Փաստաթղթով կարևորվում է ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով:

Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել են, որ այսկերպ օրենսդրական հիմք  են ստանում մի շարք կարևոր դրույթներ:

Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին:

Բացի այդ,  ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ  կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը:

Հուշագրի համաձայն՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները համարվում են  բժշկական համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում կլինիկական առարկաների յուրացման,  ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման բազաներ: